Ոլորտ

Հասարակության վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հանդիսանում է նրա քաղաքակրթության ու սոցիալական պատասխանատվության հիմնական ցուցանիշը: Ամենակարևորն, իհարկե, նրանց հասարակություն ինտեգրելն է, ինչպես նաև նրանց իրական հնարավորությունների ընդլայնումը՝ տալով նրանց հնարավորություն իրենց հասարակության լիարժեք անդամ զգալու և լիարժեք կյանքով ապրելու: Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 05.05.1992թ. 44-րդ նստաշրջանի վերականգնողական ծրագրերի հանձնարարականներում նշվում է. «Հաշմանդամությունը հնարավորությունների սահմանափակում է, որը պայմանավորված է ֆիզիկական, հոգեբանական, զգայական, սոցիալական, մշակութային, օրենսդրական և այլ արգելքներով, որոնք հաշմանդամ մարդուն թույլ չեն տալիս ինտեգրվել հասարակություն և մասնակցել ընտանիքի կամ հասարակության կյանքին այն նույն հիմունքներով, ինչ հասարակության մյուս անդամները»: Հասարակությունը պետք է առկա չափորոշիչները հարմարեցնի հաշմանդամ մարդկանց յուրահատուկ կարիքներին, որպեսզի նրանք կարողանան ապրել անկախ կյանքով: 
Հաշմանդամության նկատմամբ հասարակական վերաբերմունքը փոխելու նշանակալի ջանքեր են գործադրում հատկապես ՄԱԿ-ը, նրա մասնագիտացված հիմնարկները, ինչպես նաև միջազգային համագործակցության այլ կազմակերպություններ: Հայաստանում նույնպես աստիճանաբար փոխվում է վերաբերմունքը հաշմանդամների և նրանց հիմնախնդիրների նկատմամբ: 
1993թ. ընդունվեց «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, որում լրացումներ կատարվեցին 2002թ-ին: Համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի` հաշմանդամ են համարվում այն քաղաքացիները, որոնք մտավոր կամ ֆիզիկական անլիարժեքությամբ պայմանավորված՝ կենսագործունեության սահմանափակումների պատճառով սոցիալական օգնության և պաշտպանության կարիք են զգում: Որպես անձի կենսագործունեության սահմանափակուներ՝ դիտարկվում են կողմնորոշման և տեղաշարժման, հաղորդակցման, սեփական վարքագծի վերահսկման, ինչպես նաև աշխատանքային գործունեությամբ զբաղվելու ունակության լրիվ կամ մասնակի կորուստը: 
Օրենքում ելակետային է համարվում այն հանգամանքը, որ հաշմանդամների նկատմամբ վարվող պետական սոցիալական քաղաքականության մեջ առաջնային է դառնում հաշմանդամների վերականգնումը: 

Ոլորտի հիմնախնդիրները 
Ոլորտում առկա են մի շարք խնդիրներ, որոնց լուծման նպատակով իրականացվում են մի շարք գործողություններ, ինչպես նաև վարվում է համապատասխան քաղաքականություն: Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում կարևորագույն խնդիրը հաշմանդամների համար անխոչընդոտ միջավայրի ստեղծումն է: Այդ նպատակով քայլ առ քայլ իրականացվում են օրենսդրական բարեփոխումներ, փնտրվում քաղաքաշինական լուծումներ` կառուցված և նոր կառուցվող շենքերն ու շինությունները հաշմանդամների համար մատչելի դարձնելու համար: 
Հաշմանդամների սոցիալական ներառման և ինքնուրույնության ապահովման խնդրում հիմնարար գործոններից մեկը կրթությունն է: 
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը, ծնողների ընտրությամբ, կարող է իրականացվել ինչպես ընդհանուր հանրակրթական, այնպես էլ հատուկ հաստատություններում: Հանրապետությունում ներդրվել է ներառական կրթության մոդելը, և հաշմանդամ (ելնելով հաշմանդամ երեխաների հատուկ կրթական կարիքներից նրանց համար մշակվում են հատուկ ուսումնական ծրագրեր) ու ոչ հաշմանդամ երեխաները կարող են սովորել միասին, նույն ուսումնական հաստատությունում: Սա կարևոր հանգամանք է հաշմանդամների նկատմամբ ոչ խտրական վերաբերմունքի ձևավորման համար: Այնուամենայնիվ, խնդիր է մնում հաշմանդամության պատճառով կրթությունից դուրս մնալու հանգամանքը: 
Հաշմանդամների հավասար հնարավորությունների ապահովման գործընթացում կարևոր տեղ ունի հաշմանդամների զբաղվածության խնդրի կարգավորումը: Զբաղվածության ցուցանիշը մեր երկրում, ցավոք, բավական ցածր է, չնայած Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունը պարունակում է դրույթներ, որոնք երաշխավորում են հաշմանդամների աշխատանքի իրավունքի ապահովումը: Հայաստանում հաշմանդամների զբաղվածության հիմնախնդիրը կարևորվում է պետական և ոչ պետական ինստիտուտների կողմից և դիտվում որպես գերակա խնդիր: 
Հաշմանդամներին տրամադրվող պետական աջակցության կարևորագույն ձևերից մեկը նրանց տրամադրվող բժշկական օգնությունն է: Բոլոր հաշմանդամներն ունեն պետական պատվերով բուժվելու արտոնություն, 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներն օգտվում են` անվճար, իսկ 3-րդ խմբի հաշմանդամները` 50 տոկոս զեղչով դեղորայք ստանալու արտոնությունից: Այս ոլորտի հիմնախնդիրներն են` հաշմանդամներին մատուցվող առողջապահական ծառայությունների ծավալի մեծացում, որակի բարելավում, հանրապետության բոլոր բժշկական կազմակերպություններում հաշմանդամների համար մատչելի և հասանելի պայմանների ստեղծում և այլն: 
Հիմնական խնդիրներից է նաև բժշկասոցիալական փորձաքննության համակարգի կատարելագործումը` ոլորտը կարգավորող իրավական դաշտի բարեփոխումներ, բժշկասոցիալական փորձաքննության իրականացման դասակարգիչների և չափորոշիչների հստակեցում և այլն: Քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնում են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները` Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում գործում է վերափորձաքննության բաժինը ու նրա 25 տարածքային մարմինները /ԲՍՓՀ` բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովներ/: Հանձնաժողովները գործում են տարածքային սկզբունքով: Բացի ընդհանուր գործող հանձնաժողովներից, գործում են նաև երկու մասնագիտացված բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովներ` հոգեբուժական և ակնաբանական: ԲՍՓՀ-ն փորձաքննության արդյունքում կայացնում է որոշում և անձին հաշմանդամ ճանաչելու դեպքում, նրա համար կազմում է վերականգնողական անհատական ծրագիր /ՎԱԾ/, որտեղ նշվում են վերականգնողական միջոցառումների ծավալները, տեսակները և ժամկետները, սոցիալական օգնության տեսակները, տալիս են աշխատանքային երաշխավորագիր, ինչպես նաև հատուկ տեխնիկական միջոցների և ծառայությունների տեսակները: 
Հաշմանդամների ինտեգրման ճանապարհին շատ կարևոր է վերականգնողական միջոցառումների ճիշտ և լիարժեք կազմակերպումը: Հաշմանդամների վերականգնումն իր մեջ ներառում է բժշկական, մասնագիտական և սոցիալական միջոցառումների համակարգ, որն ուղղված է հաշմանդամի կենսագործունեության սահմանափակման վերացմանը կամ հնարավորինս նվազեցմանը /փոխհատուցմանը/: 
Հաշմանդամ մարդու հասարակություն ինտեգրվելու լիարժեք իրավունքը կախված է տվյալ հասարակության քաղաքական, մշակութային կյանքում մասնակցություն ունենալու նրա ունակությունից: 
Հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույնության համար անհրաժեշտ է, որ նրանք ապրեն հնարավորինս լիարժեք կյանքով` շփվելով հասարակության այլ անդամների հետ, ակտիվ մասնակցելով հասարակական, քաղաքական, ինչպես նաև մշակութային միջոցառումներին: Սա հնարավոր կլինի իրականացնել հասարակությունում գերիշխող կարծրատիպերի վերացման և մատչելի միջավայրի ստեղծման դեպքում: 
Հաշմանդամության ոլորտին վերաբերող խնդիրների կարգավորումը, իհարկե, բավականին լուրջ գործընթաց է, որը հնարավոր է իրականացնել շահագրգիռ պետական մարմինների և հասարակության ակտիվ խմբերի ու հատկապես` հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության շնորհիվ: