Հաշմանդամության խմբեր

Հաշմանդամության խումբը հաշմանդամություն ունեցող անձանց դասակարգումն է՝ ըստ առողջության և աշխատունակության կորստի աստիճանի: Համաձայն գործող օրենսդրության՝ բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում սահմանվում է հաշմանդամության պատճառը և խումբը, աշխատունակության կորստի աստիճանը, հաշմանդամության ժամանակահատվածը: Ըստ օրգանիզմի գործառույթների կայուն խանգարումների աստիճանի, որը հանգեցնում է մասնագիտական աշխատունակության լրիվ կամ զգալի կորստի, կամ էական կենսական դժվարությունների, առանձնացվում է հաշմանդամության երեք խումբ:

Հաշմանդամության 1-ին խումբ 
Հաշմանդամության 1-ին խմբի որոշման չափանիշը սոցիալական պաշտպանություն կամ օգնություն պահանջող սոցիալական անբավարարությունն է, որը հետևանք է հիվանդություններով, վնասվածքների հետևանքներով կամ արատներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների կայուն, խիստ արտահայտված խանգարումով առողջության խաթարման, որը հանգեցնում է կենսագործունեության հետևյալ տեսակներից որևէ մեկի սահմանափակման կամ դրանց զուգորդման՝ 
  • ինքնասպասարկման ապահովման 3-րդ աստիճանի ունակություն, 
  • տեղաշարժվելու 3-րդ աստիճանի կարողություն, 
  • կողմնորոշվելու 3-րդ աստիճանի կարողություն, 
  • հաղորդակցվելու 3-րդ աստիճանի կարողություն, 
  • սեփական վարքը հսկելու 3-րդ աստիճանի կարողություն։ 
Այսինքն, հաշմանդամության 1-ին խումբ սահմանելու հիմք է հանդիսանում օրգանիզմի գործառույթների այնպիսի խանգարումը, երբ հաշմանդամը չի կարող ինքն իր մասին հոգ տանել և կարիք ունի մշտական օգնության, խնամքի կամ հսկողության: Այդ խմբի հաշմանդամներին անհրաժեշտ է ոչ թե պատահական, դիպվածային խնամք կամ հսկողություն առողջական վիճակի ժամանակավոր վատացման դեպքում, այլ մշտական խնամք, օգնություն կամ հսկողություն (անկախ այն բանից, թե ով և որտեղ է այն իրականացնում): 
1-ին խմբի հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով: 

Հաշմանդամության 2-րդ խումբ 
Հաշմանդամության 2-րդ խմբի որոշման չափանիշը սոցիալական պաշտպանություն կամ օգնություն պահանջող սոցիալական անբավարարությունն է, որը հետևանք է հիվանդություններով, վնասվածքների հետևանքներով կամ արատներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված խանգարմամբ առողջության խաթարման, որոնք հանգեցնում են կենսագործունեության հետևյալ տեսակներից որևէ մեկի սահմանափակման կամ դրանց զուգորդման՝ 
  • ինքնասպասարկման ապահովման 2-րդ աստիճանի ունակություն, 
  • տեղաշարժվելու 2-րդ աստիճանի կարողություն, 
  • աշխատանքային գործունեությամբ զբաղվելու 3-րդ և 2-րդ աստիճանների կարողություն, 
  • ուսումնառության 3-րդ և 2-րդ աստիճանների կարողություն, 
  • կողմնորոշվելու 2-րդ աստիճանի կարողություն, 
  • հաղորդակցվելու 2-րդ աստիճանի կարողություն, 
  • սեփական վարքը հսկելու 2-րդ աստիճանի կարողություն։ 
Ուսումնառության 2-րդ և 3-րդ աստիճանների կարողության սահմանափակումները կարող են հաշմանդամության 2-րդ խմբի որոշման համար հիմք հանդիսանալ կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների սահմանափակման զուգակցման դեպքում՝ բացառությամբ սովորողների, որոնց մոտ ուսումնառության միայն 2-րդ և 3-րդ աստիճանների կարողության սահմանափակումները կարող են պայմանավորել հաշմանդամության 2-րդ խմբի որոշման անհրաժեշտությունը: 
Այսինքն, հաշմանդամության 2-րդ խումբ սահմանելու հիմք են հանդիսանում օրգանիզմի գործառութային զգալիորեն արտահայտված խանգարումները, որոնք, սակայն, մշտական կողմնակի օգնության (խնամքի կամ հսկողության) անհրաժեշտություն չեն առաջացնում, բայց հանգեցնում են լրիվ կամ տևական անաշխատունակության, կամ այնպիսի վիճակի, երբ աշխատանքի որոշ տեսակներ կարող են մատչելի լինել միայն հատուկ ստեղծված պայմաններում: 
2-րդ խմբի հաշմանդամությունը սահմանվում է մեկ տարի ժամկետով: 

Հաշմանդամության 3-րդ խումբ 
Հաշմանդամության 3-րդ խմբի որոշման չափանիշը սոցիալական պաշտպանություն կամ օգնություն պահանջող սոցիալական անբավարարությունն է, որը հետևանք է հիվանդություններով, վնասվածքների հետևանքներով կամ արատներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների կայուն չափավոր արտահայտված խանգարումով առողջության խաթարման, որոնք հանգեցնում են կենսագործունեության հետևյալ տեսակներից որևէ մեկի սահմանափակման կամ դրանց զուգորդման՝ 
  • ինքնասպասարկման ապահովման 1-ին աստիճանի ունակություն, 
  • տեղաշարժվելու 1-ին աստիճանի կարողություն, 
  • աշխատանքային գործունեությամբ զբաղվելու 1-ին աստիճանի կարողություն, 
  • ուսումնառության 1-ին աստիճանի կարողություն, 
  • կողմնորոշվելու 1-ին աստիճանի կարողություն, 
  • հաղորդակցվելու 1-ին աստիճանի կարողություն, 
  • սեփական վարքը հսկելու 1-ին աստիճանի կարողություն։ 
Հաղորդակցվելու կամ ուսումնառության կարողությունների սահմանափակումը կարող է հաշմանդամության 3-րդ խմբի որոշման համար հիմք հանդիսանալ առավելապես կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների սահմանափակումների զուգակցման դեպքում: 
Այսինքն, հաշմանդամության 3-րդ խումբ սահմանելու հիմք է հանդիսանում օրգանիզմի գործառույթների խանգարման հետևանքով աշխատունակության զգալի նվազումը, ինչը պայմանավորված է քրոնիկական հիվանդություններով կամ կազմախոսական շեղումներով: 
3-րդ խմբի հաշմանդամությունը սահմանվում է մեկ տարի ժամկետով: 
 

«Հաշմանդամ երեխա» կարգավիճակ /մինչև 18 տարեկան/ 
Մինչև 18 տարեկան անձանց «հաշմանդամ երեխա» կարգավիճակի սահմանման չափանիշ են հիվանդություններով, վնասվածքների հետևանքով, արատներով կամ զարգացման և աճի խանգարումներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների չափավոր կամ արտահայտված կամ խիստ արտահայտված կայուն խանգարումները, որոնք հանգեցնում են կենսագործունեության որևէ տեսակի 1-ին, 2-րդ կամ 3-րդ աստիճանի սահմանափակումների (տարիքային նորմերին համապատասխան): 
«Հաշմանդամ երեխա» կարգավիճակը սահմանվում է երկու տարի ժամկետով կամ մինչև 18 տարին լրանալը: