Հաշմանդամության խումբ ստանալու կարգը

Անձին հաշմանդամ են ճանաչում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները` ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը և նրա տարածքային մարմինները՝ հանձնաժողովները: ԲՍՓ մարմինները անձին հաշմանդամ են ճանաչում համաձայն  ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 276-Ն որոշման և ՀՀ  կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Բժշկաuոցիալական փորձաքննության ժամանակ oգտագործվող դասակարգիչները և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները հաստատելու մասին» N 780-Ն որոշման դրույթների: Իրենց լիազորությունների շրջանակում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների ընդունած որոշումները պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ստորաբաժանումների և պաշտոնատար անձանց, կազմակերպությունների համար ենթակա են պարտադիր կատարման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: Հանձնաժողովի նախագահը բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձի կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ հրապարակում է հանձնաժողովի որոշումը: Անձին հաշմանդամ չճանաչելու մասին հանձնաժողովի որոշումը եռօրյա ժամկետում հանձնվում է դիմողին կամ նրա ներկայացուցչին: Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին տրվում է`

  1. Հաշմանդամության 1-ին խումբ
  2. Հաշմանդամության 2-րդ  խումբ
  3. Հաշմանդամության 3-րդ   խումբ
  4. «Հաշմանդամ երեխա» կարգավիճակ /մինչև 18 տարեկան/

Հաշմանդամության խումբը կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներին և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներին համապատասխան՝ տվյալ աստիճանի կենսագործունեության սահմանափակման համար սահմանված ժամկետով, եթե «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով այլ բան նախատեսված չէ։ Հաշմանդամի վերափորձաքննությունը կատարվում է հաշմանդամության խմբի կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, նրա առողջական վիճակը վատթարանալու, նրա՝ բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու կամ հաշմանդամության սահմանման կարգի խախտման դեպքերում, ինչպես նաև նրա (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն կամ դատարանի որոշմամբ։

Անժամկետ հաշմանդամ ճանաչված հաշմանդամի վերափորձաքննությունը կատարվում է նրա՝ բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու, նրա հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքերում, ինչպես նաև նրա (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն կամ դատարանի որոշմամբ։


Ինչպե՞ս կարող է քաղաքացին դիմել բժշկասոցիալական փորձաքննության


Բժշկասոցիալական փորձաքննություն առաջին անգամ անցնելու համար քաղաքացին պետք է դիմի իր հաշվառման կամ փաստացի բնակության վայրը սպասարկող բժշկական կազմակերպություն (տարածքային պոլիկլինիկա): 

  1. Մինչ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացվելը, քաղաքացին բժշկական կազմակերպությունում պետք է անցնի անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումները և ավարտից հետո միայն կազմակերպությունը կարող է ուղեգրել անձին բժշկասոցիալական փորձաքննության, իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների դեպքում անձին մասնագետները կարող են ուղեգրել փորձաքննության՝ բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ՝ քան բուժման անցնելուց 3 ամիս հետո (բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների հաստատած` վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդությունների ցանկի): 

  2. Աշխատող քաղաքացիների դեպքում անհրաժեշտ է, որ քաղաքացին առնվազն 80 օր ունենա ժամանակավոր անաշխատունակության օրեր, որի վերաբերյալ տարածքային պոլիկլինիկան ամբուլատոր քարտում կկատարի համապատասխան նշումներ ժամանակավոր անաշխատունակության օրերի և տրված թերթիկի վերաբերյալ: 

  3. Քաղաքացին առողջապահական կազմակերպությունից տրված ուղեգիրը (թիվ 088 ձև, իսկ երեխաների դեպքում՝ 088-1 ձև), ինչպես նաև առողջության խաթարումը հավաստող բժշկական փաստաթղթերը և դիմումը ներկայացնում է տարածքը սպասարկող բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով ( ԲՍՓՀ): 

  4. Վերափորձաքննություն անցնելու նպատակով (վերափորձաքննված է համարվում այն քաղաքացին, ով երբևէ ենթարկվել է բժշկասոցիալական փորձաքննության՝ անկախ փորձաքննության արդյունքներից) քաղաքացին դիմումը անմիջապես ներկայացնում է համապատասխան ԲՍՓՀ (կամ մասնագիտացված)՝ կցելով վերջին մեկ տարվա ընթացքում կատարված բուժական, վերականգնողական և ախտորոշիչ միջոցառումների և դրանց արդյունքների մասին իր բժշկական փաստաթղթերը: 


«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնում են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները, որոնց կազմավորման և գործունեության կարգը սահմանել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ 14 նոյեմբերի 2002 թվականի N 18 22-Ն որոշմամբ: