Ծրագրեր

Իրականացնելով հատուկ պետական քաղաքականություն հաշմանդամություն ունեցող անձանց շրջանակներում և նպատակ հետապնդելով վերջիններիս հասարակության լիարժեք անդամ դարձնել՝ պետությունն իրականացնում է նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց զբաղվածության ապահովման հետ կապված պետական քաղաքականություն: Չմոռանանք, որ հաշմանդամներն ունեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված նույն իրավունքները, ազատությունները և պարտականությունները, ինչպես այլ անձինք։ 
Հաշմանդամների ստեղծագործական և արտադրական ընդունակությունների իրականացման նպատակով և վերականգնման անհատական ծրագրերին համապատասխան նրանք ապահովվում են աշխատանքի սովորական պայմաններ ունեցող ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում, հաշմանդամների աշխատանքը կիրառող մասնագիտացված (այդ թվում` ուսումնաարտադրական) ձեռնարկություններում, արտադրամասերում և տեղամասերում աշխատելու, ինչպես նաև ձեռնարկատիրական և օրենքով չարգելված այլ գործունեությամբ զբաղվելու իրավունքով: 

Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացվում են զբաղվածության հետևյալ հատուկ ծրագրերը՝
  • Աշխատատեղի քվոտավորում 
Հաշմանդամության ունեցող անձանց զբաղվածության ապահովման և հասարակությունում լիարժեք ներառվելու նպատակով կազմակերպությունների համար, անկախ սեփականության ձևից, սահմանվում է աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվ (քվոտա)` հաշմանդամություն ունեցող և 63 տարին չլրացած անձի աշխատանքի տեղավորման համար: 
Սկսած 2015թ. հունվարի 1-ից 100 (հարյուր) և ավելի աշխատողներ ունեցող պետական կազմակերպությունների համար քվոտայի պահանջը սահմանվում է կազմակերպության աշխատողների ընդհանուր քանակի առնվազն 3 տոկոսի չափով:2016թ. հունվարի 1-ից 100 (հարյուր) և ավելի աշխատողներ ունեցող ոչ պետական (մասնավոր) կազմակերպությունների համար քվոտայի պահանջն առաջանում է կազմակերպության աշխատողների ընդհանուր քանակի առնվազն 1 տոկոսի չափով: Քվոտայի պահանջը կատարված է համարվում, եթե մեկ հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) սկսվող կամ ավարտվող 12-ամսյա ցանկացած ժամանակահատվածում առնվազն 183 օր քվոտավորման ենթակա աշխատատեղը զբաղեցված է եղել հաշմանդամություն ունեցող և 63 տարին չլրացած անձի կողմից: 
  • Աշխատավարձի մասնակի փոխհատուցում 
Գործատուին պետական բյուջեի միջոցների հաշվին տրվում է փոխհատուցում աշխատանքի տեղավորված հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր անձի համար վեց օրացուցային ամիս ժամկետով, ամսական կտրվածքով, ` տվյալ անձի համար սահմանված ամսական աշխատավարձի 50% (հիսուն տոկոսի) չափով, բայց ոչ ավելի, քան տվյալ պահին ՀՀ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը: 
  • Աշխատատեղի հարմարեցում
Աշխատատեղի հարմարեցման ծրագրում ընդգրկված հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր անձի համար աշխատատեղի հարմարեցման նպատակով գործատուին պետական բյուջեի հաշվին փոխհատուցվում են աշխատանքի համար անհրաժեշտ հատուկ պարագաների, աշխատատեղի հարմարեցման կազմակերպատեխնիկական ու էրգոնոմետրիկ հատուկ պահանջների ապահովման համար անհրաժեշտ ծախսերը: Փոխհատուցվող գումարը մեկ անձի համար չպետք է գերազանցի 500 000 (հինգ հարյուր հազար) դրամը: Հաշմանդամություն ունեցող անձը աշխատատեղի հարմարեցման ծրագրում կարող է ընդգրկվել մեկ անգամ: 
  • Ուղեկցողի աշխատավարձի մասնակի փոխհատուցում
Պետական բյուջեի միջոցների հաշվին աջակցություն է տրամադրվում տեսողությունից կամ տեղաշարժման (հաշմանդամի սայլակով տեղաշարժվող) խնդիրներով առաջին խմբի հաշմանդամություն ունեցող (ուղեկցողի կարիք ունեցող) անձին՝ վերջինիս ուղեկցողի աշխատավարձը մասնակի փոխհատուցելու նպատակով: Ուղեկցողի աշխատավարձի փոխհատուցման գումարը տրամադրվում է հաշմանդամություն ունեցող անձին: Աշխատավարձի փոխհատուցումը տրվում է մինչև վեց օրացուցային ամիս ժամկետով, յուրաքանչյուր ամիս՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50% (հիսուն տոկոսի) չափով: Աջակցության գումարը Զբաղվածության պետական ծառայության տարածքային կենտրոնը փոխանցում է ուղեկցողի կարիք ունեցող անձի բանկային հաշվին: 
  • Փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրումը
Ինքնազբաղվածությունը խթանելու և փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է դրամական աջակցություն առավելագույնը 1 000 000 (մեկ միլիոն) դրամի չափով: Հաշմանդամություն ունեցող անձը Ծրագրում կարող է ընդգրկվել մեկ անգամ: Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Աջակցությունը տրամադրվում է Զբաղվածության գործակալության որոշման հիման վրա՝ հիմք ընդունելով հաշմանդամություն ունեցող անձի գործարար ծրագիրը և դրա վերաբերյալ ՓՄՁ ԶԱԿ-ի եզրակացությունը: ՓՄՁ ԶԱԿ-ը աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց, մասնավորապես տրամադրում է խորհրդատվություն, ուսուցում, աջակցում մշակել ձեռնարկատիրական գործունեության գործարար ծրագիր: 

Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հատուկ ծրագրերն իրականացնում է Զբաղվածության պետական ծառայությունը
Դուք կարող եք նաև այցելել Ձեր բնակության վայրը սպասարկող ինտեգրված սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը: Դրանք ներկայացված են քարտեզի վրա: