Ոլորտ

Զբաղվածության ոլորտի քաղաքականություն 

Զբաղվածության պետական քաղաքականության նպատակի թեզ
          
Զբաղվածության պետական քաղաքականությունը միտված է ամրապնդելու սոցիալական համերաշխությունը, զարգացնելու զբաղվածության ոլորտում սոցիալական գործընկերությունը` նոր աշխատատեղերի ստեղծման, թափուր աշխատատեղերի համալրման, աշխատանքային պայմանների բարելավման և աշխատանքի վարձատրության համակարգերի կատարելագործման միջոցով: 
Տնտեսության ընթացիկ և հեռանկարային զարգացման մակարդակից անկախ՝ զբաղվածության ոլորտը համարվում է երկրի սոցիալ-տնտեսական կայունության առաջնահերթ այն ուղղություններից, որի պետական կարգավորումն ու կառավարումն ունեն օբյեկտիվ անհրաժեշտություն: Այստեղ պետք է կարևորել «ընտրություն – շուկա - զբաղվածություն» շրջապտույտը, որտեղ ոչ միշտ է պահպանվում օբյեկտիվ հավասարակշռություն և պետության թիրախը այս ոլորտում պետք է լինի լրացուցիչ գործադրումների միջոցով նշված հավասարակշռության արդյունավետ ապահվումը:
Հայաստանի Հանրապետությունում սոցիալական լարվածության թուլացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, տնտեսության կայուն զարգացման ապահովման համար սոցիալապես առավել ընդունելի և տնտեսապես արդյունավետ ուղղություն է դիտվում զբաղվածության ակտիվ քաղաքականության մշակումն ու իրականացումը, որը մի կողմից` զարգացնելով աշխատանք փնտրողների մասնագիտական հմտությունները, աշխատանքային կարողություններն ու բարձրացնելով նրանց տնտեսական ակտիվությունը կհանգեցնի արդյունավետ զբաղվածության ապահովման, իսկ մյուս կողմից` գործատուին կշահագրգռի առկա թափուր աշխատատեղերը համալրել երիտասարդներով և աշխատաշուկայում անմրցունակ անձանցով:
Համաձայն «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի՝ զբազվածությունը սահմանվում է որպես ՀՀ տարածքում օրենքով չարգելված գործունեության տեսակներով զբաղվելը: 
Երկրի բնակչության տնտեսական ակտիվության, ինչպես նաև կենսամակարդակի բարձրացման համար առաջնային է համարվում բնակչության զբաղվածության հարցը: Կարևորելով վերջինս՝ պետությունն իրականացնում է զբաղվածության պետական քաղաքականություն՝ զբաղվածության ոլորտում առկա խնդիրների լուծման համար: 
Զբաղվածության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են` 
  • աշխատանքի կամավորությունը և աշխատանքի ազատ ընտրությունը` բացառելով խտրականությունը, 
  • սոցիալական ներառումն ու համերաշխությունը, 
  • կայուն զբաղվածության միջոցով անձի հասարակական դերի բարձրացումը, 
  • սոցիալական գործընկերությունը, 
  • աշխատաշուկայի պետական կարգավորման շրջանակներում տեղեկատվական համաչափությունը և թափանցիկությունը, 
  • արժանապատիվ աշխատանքի միջազգայնորեն ընդունված չափանիշների հետևողական ապահովումը, 
  • ըստ առաջնահերթությունների` պետական աջակցությունը, 
  • զբաղվածության ծառայություններ մատուցող պետական և աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների միջև մրցակցային, փոխշահավետ և կայուն համագործակցությունը: 

Զբաղվածության ռազմավարական բարեփոխումների շրջանակներում նախատեսված մոդելի նպատակի համալիր իրացումը պետք է հանգեցնի հետևյալ հիմնական արդյունքների ձեռքբերմանը`
  1. ըստ տնտեսության առանձին ոլորտների, ճյուղերի և պահանջվող մասնագիտությունների աշխատուժի ներգրավման, ինչպես նաև ինքնազբաղվածության խրախուսման պայմանների ու հնարավորությունների բարելավում, 
  2. տնտեություն-աշխատաշուկա-կրթական համակարգ մշտական և համակարգված փոխկապվածության հիմքերի ստեղծում, 
  3. մասնագիտական կողմնորոշման գործուն համակարգի ներդրում, 
  4. աշխատաշուկայի տարածքային զարգացման անհամամասնությունների մեղմում, 
  5. ժողովրդագրական և աշխատանքային միգրացիայի դրական միտումների պահպանում և հետևողական բարելավվում, 
  6. արժանապատիվ աշխատանքի պայմանների խթանում, արդյունավետ իրավական հիմքերի ապահովում, 
  7. բնակչության կենսամակարդակի բարձրացում` զբաղվածության արդյունքում ստացվող եկամուտների ավելացման և արդարացի բաշխման մեխանիզմների ներդրման ճանապարհով, 
  8. ըստ սեռի, տարիքի, կրթության մակարդակի, մարզային բաշխվածության, ինչպես նաև աշխատաշուկայում ինտեգրման գնահատված հնարավորությունների աստիճանի` գործազրկության իրական մակարդակի թիրախավորված կրճատում, 
  9. աշխատաշուկայում ինտեգրման լրացուցիչ դժվարություններ ունեցող անձանց` ըստ առաջնահերթությունների խմբավորում և պետական աջակցության տրամադրում, 
  10. աշխատաշուկայի պետական կարգավորմանն ուղղվող ֆինանսական միջոցների օգտագործման հասցեականության և արդյունավետության բարձրացում, 
  11. աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների գործունեության կարգավորում` պետության հետ փոխշահավետ համագործակցության խթանման ճանապարհով,
  12. զբաղվածության պետական ծառայությունների և ծրագրերի որակի, հասցեականության, մատչելիության և հնարավորությունների նպատակային կառավարման, ինչպես նաև համալիր գնահատման և մոնիտորինգի համակարգերի ներդրում, 
  13. զբաղվածության պետական ծառայությունների և ծրագրերի արդյունքում կայուն զբաղվածության ցուցանիշների հետևողական աճ, 
  14. զբաղվածության քաղաքականության մշակման և իրականացման գործընթացների բոլոր մակարդակներում սոցիալական գործընկերության հետևողական ամրապնդում: 


Աշխատանքի քաղաքականություն 
ՀՀ աշխատանքի քաղաքականության նպատակը աշխատանքային հարաբերությունների, աշխատանքի անվտանգության ապահովման, աշխատանքի որակի բարելավմանն ուղղված ընդհանուր համակարգի ստեղծումն է: Մասնավորապես աշխատանքային օրենսդրության նպատակն է՝ 
  • սահմանել ֆիզիկական անձանց` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց աշխատանքային իրավունքների և ազատությունների պետական երաշխիքները, 
  • նպաստել աշխատանքի բարենպաստ պայմանների ստեղծմանը, 
  • պաշտպանել աշխատողների և գործատուների իրավունքներն ու շահերը: 
 

Գործատուների մասնակցությունը զբաղվածության պետական քաղաքականության իրականացմանը 
ՀՀ զբաղվածության պետական գործակալությունը զբաղվածության պետական քաղաքականության մշակման և իրականացման շրջանակներում համագործակցում է գործատուների հետ՝ գործընկերային, փոխշահավետ և մշտական հարաբերությունների հաստատման, հետևողական ընդլայնման, խորացման և հետադարձ կապի ապահովման միջոցով: 

Զբաղվածության պետական կարգավորման ոլորտում գործատուներն իրավունք ունեն` 
  • աշխատուժի ազատ ընտրության, 
  • իրենց մոտ առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի, աշխատատեղերի հնարավոր կրճատումների վերաբերյալ տրամադրելու տեղեկություններ լիազորված մարմնին` ՀայաստանիՀանրապետության կառավարության սահմանած ձևով և եղանակով, 
  • լիազորված մարմնից զբաղվածության պետական ծրագրերի, ինչպես նաև աշխատաշուկայի իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության և մասնագիտական խորհրդատվության ստացման, 
  • աշխատանք փնտրող անձանց, գործատուների ներկայացրած թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի, զբաղվածության պետական ծրագրերի հնարավորությունների և այդ ծրագրերի ընթացիկ արդյունքների վերաբերյալ տեղեկատվական շտեմարանում ներառված տեղեկատվության ստացման, 
  • աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորելիս պետական աջակցության` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: 
Լիազորված մարմնի կողմից գործատուներին մատուցվող ծառայությունները տրամադրվում են անվճար: 
Գործատուի կողմից ներկայացված թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերը համալրելու նպատակով լիազորված մարմինն իրականացնում է միջնորդություն` աշխատանք փնտրող անձին ուղեգրելով գործատուի մոտ: 
Գործատուները զանգվածային ազատումների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում են լիազորված մարմին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: