Գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրում

Գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրման ծրագրի նպատակն աշխատուժի ներքին տեղաշարժի կարգավորման միջոցով Հայաստանի Հանրապետության մարզերում (բացառությամբ Երևան քաղաքի), մասնավորապես, գյուղական բնակավայրերում և սահմանամերձ տարածաշրջաններում շարունակաբար չլրացվող թափուր աշխատատեղերի համալրումն ու կայուն զբաղվածության ապահովումն է: Ծրագրի իրականացումը պայմանավորված է հանրապետության գյուղական բնակավայրերում և սահմանամերձ տարածաշրջաններում որոշ մասնագիտություններով թափուր աշխատատեղերի (բժիշկներ, ուսուցիչներ, ծրագրավորողներ, կռունկավարներ, հաշվապահներ և այլն) շարունակաբար չլրացվող պահանջարկի առկայությամբ: 
Ծրագրի շահառուներն են` գործազուրկները և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամություն ունեցող անձինք: Գործազուրկը ծրագրում կարող է ընդգրկվել մեկ անգամ` առնվազն երկու տարի ժամկետով: Ծրագրի շրջանակներում թափուր աշխատատեղը գործազուրկին կարող է առաջարկվել միայն այն դեպքում, եթե տարածքային կենտրոնում տվյալ աշխատատեղի մասին տեղեկատվությունն ստացվելուց հետո այն առնվազն մեկ ամիս չի համալրվել: Տարածքային կենտրոնը յուրաքանչյուր ամիս տարածքային կենտրոնի վարչական շենքի տեսանելի վայրում տեղադրում է առնվազն մեկ ամիս թափուր մնացած աշխատատեղերի մասին տեղեկատվությունը` նշելով գործատուի հասցեն, աշխատանքի բնույթը, պահանջվող մասնագիտական որակավորումը, աշխատանքի պայմանները, աշխատաժամանակը և աշխատավարձի չափը: Եթե գործազուրկին առաջարկվող աշխատանքը գտնվում է գործազուրկին հաշվառած տարածքային կենտրոնի սպասարկման տարածքից դուրս գտնվող համայնքում, ապա տարածքային կենտրոնը գործազուրկի դիմումի պատճենը և անհատական ծրագրի (հաշվառման քարտի) քաղվածքը` կից գրությամբ ուղարկում է տվյալ գործատուին սպասարկող տարածքային կենտրոն: Վերջինս գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղն այլ համայնքի գործազուրկով համալրելու, գործատուի, գործազուրկի և տարածքային կենտրոնի հետ եռակողմ պայմանագիր կնքելու հետ կապված հարցերը քննարկում է գործատուի հետ: Տարածքային կենտրոնը քննարկման արդյունքների մասին եռօրյա ժամկետում տեղեկատվություն է տրամադրում իրեն դիմած տարածքային կենտրոնին: Թափուր աշխատատեղը գործազուրկով համալրելու և առնվազն 2 տարի տվյալ գործատուի մոտ աշխատելու հարցում տարածքային կենտրոնի և գործատուի միջև համաձայնություն ձեռք բերվելու դեպքում` գործազուրկի, գործատուի և գործազուրկին հաշվառած տարածքային կենտրոնի միջև կնքվում է թափուր աշխատատեղը համալրելու մասին եռակողմ պայմանագիր: 
Այլ վայրում աշխատանքի տեղավորման դեպքում՝ գործազուրկին և նրա հետ մեկնող ընտանիքի անդամներին հատուցվում են` 
  1. իր և իր ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը` միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով. 
  2. իր և իր ընտանիքի անդամների անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը` 30-50 կիլոմետր ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր 50 կիլոմետրի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամը։ 
Այլ վայրում աշխատանքի տեղավորման դեպքում՝ գործազուրկին տրվում է` 
  1. միանվագ ֆինանսական աջակցություն` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված ամսական աշխատավարձի եռապատիկի չափով, 
  2. մեկ տարվա ընթացքում 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս՝ միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, 
  3. ամսական գումար` բնակարանային վարձի և կոմունալ ծախսերի համար` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված ամսական աշխատավարձի չափով, 2 տարի ժամկետով, 
  4. աշխատավարձի հավելում` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից մինչև կրկնապատիկի չափով, վեց ամիս ժամկետով, հաշվի առնելով թափուր աշխատատեղերի` ըստ մասնագիտությունների լրացման առաջնահերթությունները, ընդ որում, ըստ մասնագիտությունների աշխատավարձի հավելման չափերը սահմանում է նախարարը: 
Ծրագրում ընդգրկված անձանց կայուն զբաղվածության միջին հանրապետական գործակիցը կկազմի 28.7%, որը հաշվարկվում է հետևյալ ձևով. ծրագիրն ավարտելուց հետո աշխատանքի տեղավորվածների և 1 տարվա ընթացքում ազատվածների թվի տարբերությունը բաժանվում է ծրագրում ընդգրկված շահառուների ընդհանուր թվի վրա և արտահայտվում է տոկոսով: 

Կարող եք դիտել նաև զբաղվածության կարգավորման  հետևյալ ամենամյա պետական ծրագրերը՝
  1. Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող` աշխատանք փնտրող անձանց մաuնագիտական ուuուցման կազմակերպում
  2. Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում
  3. Գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրում, 
  4. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար աշխատավարձի փոխհատուցման տրամադրում, 
  5. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում, 
  6. Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար աջակցության տրամադրում, 
  7. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց հարմար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցում
  8. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում, 
  9. Աշխատանքի տոնավաճառի կազմակերպում, 
  10. Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում: