Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում

Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրման ծրագրի նպատակն աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների` աշխատանքի վայրում ձեռքբերման հնարավորությունների ընձեռնման միջոցով կայուն զբաղվածության ապահովումն է, ինչպես նաև աշխատատեղի հարմարեցման աջակցության միջոցով` հաշմանդամություն ունեցող անձանց կայուն զբաղվածության ապահովումը: Ծրագրում ներառված են հետևյալ երկու ենթածրագրերը, որոնք աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար կարող են իրականացվել ինչպես համատեղ, այնպես էլ առանձին` 
  • ենթածրագիր 1` աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում գործատուին, 
  • ենթածրագիր 2` հաշմանդամություն ունեցող գործազուրկների աշխատատեղի հարմարեցման համար միանվագ փոխհատուցում գործատուին: 
Անմրցունակ անձը ենթածրագիր 1-ում կարող է ընդգրկվել մեկ անգամ: Հաշմանդամություն ունեցող անմրցունակ անձանց համար ենթածրագիր 1-ն իրականացվում է` հաշվի առնելով նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության՝ ԲՍՓԳ, տարածքային մարմինների կամ ԲՍՓԳ-ի վերափորձաքննության բաժնի կողմից կազմված հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագիրը: Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար գործատուին տրամադրվող միանվագ փոխհատուցման չափը մեկ անձի համար կազմում է 200.000 դրամ: Տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք ենթածրագիր 1-ի մասին տեղեկատվությունն արտացոլվում է գործակալության պաշտոնական կայքէջում և նախարարության կողմից վարվող տեղեկատվական շտեմարանում: Տարածքային կենտրոնը տեղեկատվությունը տեղադրում է իր գտնվելու վայրում՝ անմրցունակ անձի համար տեսանելի տեղում, իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում տեղակայված լինելու դեպքում՝ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի միասնական ընդունարանում: 
Ենթածրագիր 2-ում ընդգրկված յուրաքանչյուր անձի համար գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման նպատակով փոխհատուցվում են աշխատանքի համար անհրաժեշտ հատուկ պարագաների, աշխատատեղի հարմարեցման կազմակերպատեխնիկական ու էրգոնոմետրիկ հատուկ պահանջների ապահովման համար անհրաժեշտ ծախսերը (փոխհատուցվող գումարը մեկ անձի համար չպետք է գերազանցի հինգ հարյուր հազար դրամը): Անմրցունակ անձը ենթածրագիր 2-ում կարող է ընդգրկվել մեկ անգամ: Եթե ենթածրագիր 2-ի իրականացման ընթացքում շահառու հանդիսացող անձին հաշմանդամություն չի սահմանվում, ապա նա շարունակում է ընդգրկված մնալ ծրագրում` մինչև պայմանագրի ավարտը: Տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք` ենթածրագիր 2-ի մասին տեղեկատվությունն արտացոլվում է գործակալության պաշտոնական կայք-էջում և նախարարության կողմից վարվող տեղեկատվական շտեմարանում: Տարածքային կենտրոնը տեղեկատվությունը տեղադրում է իր գտնվելու վայրում՝ անմրցունակ անձի համար տեսանելի տեղում, իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում տեղակայված լինելու դեպքում՝ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի միասնական ընդունարանում: 
Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնը գումարը 2 աշխատանքային օրվա ընթացքում սահմանված կարգով փոխանցում է գործատուի բանկային հաշվի համարին:
Կարող եք դիտել նաև զբաղվածության կարգավորման  հետևյալ ամենամյա պետական ծրագրերը՝
  1. Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող` աշխատանք փնտրող անձանց մաuնագիտական ուuուցման կազմակերպում
  2. Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում
  3. Գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրում, 
  4. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար աշխատավարձի փոխհատուցման տրամադրում, 
  5. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում, 
  6. Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար աջակցության տրամադրում, 
  7. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց հարմար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցում
  8. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում, 
  9. Աշխատանքի տոնավաճառի կազմակերպում, 
  10. Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում: