Հաջողված փորձ

Այս բաժնում պարբերաբար կներկայացվեն ինտեգրված սոցիալական ծառայությունների հաջողված փորձը, ինչն էլ կարող է լավ նախադեպ հանդիսանալ շահառուների կողմից սոցիալական պաշտպանության ծառայություններից առավել արդյունավետ օգտվելու համար:
Հաջողված փորձ 1: Արարատի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն
Ձեզ ենք ներկայացնում սոցիալական դեպքի վարման մեր հաջողված փորձի հակիրճ ներկայացումը՝ պահպանելով դեպք վարողի և դեպքի վարում հայցած քաղաքացու անձնական տվյալների գաղտնիությունը:
Ստորև ներկայացված է Արարատի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում առավել հաջողված ելքով իրականացված դեպքի վարման գործընթացը:

Դեպքի վարումն իրականացվել է փուլերի հետևյալ հաջորդականությամբ՝ 
  • անհատական սոցիալական ծրագրի կազմում և համապատասխան համալիր սոցիալական ծառայությունների որոշում. 
  • անհատական սոցիալական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացում և այլ կազմակերպությունների կողմից տրամադրվող սոցիալական ծառայությունների ուղղորդում՝ հաճախորդին հասցեական և արդյունավետ աջակցության տրամադրման նպատակով. 
  • անհատական սոցիալական ծրագրի կատարման մշտադիտարկում և գնահատում, անհատական սոցիալական ծրագրում համապատասխան փոփոխությունների կատարում՝ հաշվի առնելով, հաճախորդի սոցիալական կարիքների փոփոխությունները և սոցիալական դեպքի վարման գործընթացում ներգրավված անձանց դիրքորոշումը. 
  • շարունակական վերահսկում՝ առնվազն 6 ամսվա ընթացքում, իրավիճակի փոփոխության գնահատում և տրամադրված սոցիալական ծառայությունների ազդեցության գնահատականի որոշում: 
Ներքոհիշյալ դեպքի վարման ժամանակ օգտագործվել է դեպքի վարման տեղեկատվական համակարգը՝ իր գործիքակազմով: Սոցիալական դեպքի վարման տեղեկատվական համակարգը մշակվել և ներդրվել է 2013թ․ Համաշխարհային բանկի սոցիալական աջակցության ծրագրով։ Տեղեկատվական համակարգի շահագործողներն են ՀՀ կառավարության 26․07.2012թ. թիվ 952-Ն որոշման համաձայն ձևավորված Համալիր սոցիալական ծառայությունների 19 տարածքային կենտրոնները։ Տեղեկատվական համակարգն ունի երկու հիմնական բաղադրիչ՝ Սոցիալական բանկ, որը հնարավորություն է տալիս օգտվողին ստանալու Համալիր սոցիալական ծառայություն դիմած անձի վերաբերյալ տեղեկատվություն սոցիալական ոլորտի և հարակից տեղեկատվական շտեմարաններից, և Սոցիալական դեպքի վարում, որում տեղայնացված են ՀՀ ԱՍՀ նախարարի՝ 24.12․2012թ. թիվ 123-Ա/1 հրամանով հաստատված՝ Ընտանիքի սոցիալական կարիքների գնահատման անձնագրի և Անհատական սոցիալական ծրագրի ձևաթղթերը։ 

Դեպքի վարումը սկսվել է սոցիալական կարիքների գնահատման հիման վրա: 

Կարիքի գնահատում: Արարատ քաղաքի հանրակացարաններից մեկի բնակչուհի Ն. Ս.-ի ընտանիքը` բաղկացած երկու անձից (նա և իր անչափահաս տղան, ամուսինը մահացած է), 2007 թ-ից հաշվառված են Արարատի ՍԾՏԲ-ի անապահովության գնահատման համակարգում և ստանում են ընտանեկան նպաստ: Հերթական փաստագրման ժամանակ Ն.-ն ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերը, որից հետո կատարվել է տնային այցելություն ընտանիքի սոցիալ տնտեսական պայմաններն ուսումնասիրելու նպատակով: Կատարված այցելությունից և ընտանիքի անդամների հետ ունեցած զրույցից պարզվեց, որ ընտանիքի կոմունալ կենցաղային պայմանները շատ վատ են` խոնավ հանրակացարանային սենյակ, կոտրված պատուհաններ, երկուսն էլ ունեն առողջական խնդիրներ. մայրը 3-րդ խմբի հաշմանդամ է, երեխան հաճախակի բացակայում է դասերից, գտնվում են նյութական կարիքի մեջ: Ընտանիքի ամսական եկամուտը ձևավորվում է նպաստներից և կազմում է 48000 դրամ: Այս ամենից պարզ էր, որ ընտանիքում առկա են բնակարանային, առողջական, կրթական և տնտեսական խնդիրներ: ՍԾՏԲ-ի պետի հետ քննարկումից հետո նրա հանձնարարությամբ այս ընտանիքի համար սկսվեց դեպքի վարում: 

Դեպքի վարման առաջին փուլ: 
Անհատական սոցիալական ծրագրի կազմում: Դեպք վարողի, քաղաքապետարանի իրավաբանի և բժշկուհու (թոքաբան) մասնակցությամբ ձևավորվեց աշխատանքային խումբ, կատարվեց տնային այցելություն և որոշվեց կազմել երկու անհատական ծրագրեր` մոր համար և որդու համար: 
1. Ն. Ս.-ի համար առաջնահերթ խնդիր համարվեց առողջականը: 
2. Ս. Հ.-ի համար առաջնահերթ խնդիր էր կրթականը, հետո՝ առողջականը: 
Ընտանիքի անդամների համար բնակարանային և տնտեսական խնդիրները ընդհանուր են: 

Դեպքի վարման երկրորդ փուլ: 
Անհատական սոցիալական ծրագրի իրականացում: Ն.-ի համար անմիջապես համապատասխան բժիշկների կողմից կատարվեց բուժզննում և տրվեց ուղեգիր՝ Աբովյանի համապատասխան բուժհիմնարկում բուժվելու համար: Քաղաքապետարանը տրամադրեց դրամական օգնություն` երեխային սնունդ, որոշակի դեղեր ձեռք բերելու համար և հօգաց հիվանդանոց տեղափոխման ծախսերը: Ս.-ի համար քաղաքապետարանի իրավաբանի և դեպք վարողի հետ այց է կատարվել դպրոց, հանդիպում է տեղի ունեցել դպրոցի տնօրենի և դասղեկի հետ: Պարզվել է, որ Ս.-ն բացակայում է հիմնականում հիվանդության, ինչպես նաև համապատասխան եղանակի հագուստներ չունենալու պատճառով: Համապատասխան բժշկի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ երեխայի մոտ առկա է թեթև արտահայտված թոքային խնդիրներ, իսկ կազդուրման համար կարևորվեց լավ սնունդը, ինչպես նաև առաջարկվեց հնարավորության դեպքում մի կարճ ժամանակահատված հանգիստը կազմակերպել Դիլիջանի մանկական առողջարանում: Երեխայի հագուստի և սննդի հարցերը լուծվեց «Կանանց խորհուրդ» ՀԿ ուժերով: Գարնանը կլուծվի նաև նրա՝ Դիլիջանում հանգստանալու խնդիրը: Սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի կողմից նախապատրաստվել և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն են ներկայացվել համապատասխան փաստաթղթեր, իսկ ընտանիքը հաշվառվել է որպես բնակարանի կարիք ունեցող անապահով ընտանիք: 

Դեպքի վարման երրորդ փուլ: 
Մշտադիտարկում և գնահատում: Ժամանակի ընթացքում կատարվել է տունայց, ինչպես նաև հեռախոսակապի մեջ են գտնվել ընտանիքի հետ: Այժմ մայրը՝ Ն.-ն, իրեն լավ է զգում, քաղաքապետարանի միջնորդությամբ որոշակի ժամանակով աշխատանքի է տեղավորվել բուքմեյքերական կենտրոնում: 
Որդին՝ Ս.-ն, նորմալ հաճախում է դպրոց և իրեն լավ է զգում: Ընտանիքը անհամբեր սպասում է բնակարան ստանալու իրենց հերթին: