Կենսաթոշակային բարեփոխումներ.հարց ու պատասխան

Կենսաթոշակային բարեփոխումներն իրենցից ներկայացնում են բոլոր հնարավոր բարեփոխումներից ամենաբարդն ու լայնածավալը: Այդ բարեփոխումները բազմաշերտ են, ընդգրկուն, և ենթադրում են տվյալ հասարակության սոցիալական վարքագծի արմատական փոփոխություն, իսկ ցանկացած արմատական փոփոխության դեպքում հասարակական արձագանքը լինում է ոչ միանշանակ: Կենսաթոշակային համակարգում տեղի ունեցող բարեփոխումներով պայմանավորված՝ ՀՀ Կառավարության կողմից 2011թ.-ի հուլիս 28-ին ընդունվեց որոշում (N 1059-Ն) «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամ հիմնադրելու վերաբերյալ: 
Հիմնադրամի գործունեության առարկան և նպատակը կենսաթոշակային բարեփոխումների արդյունավետ իրականացմանն աջակցելն է, մասնավորապես՝ 
կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում խորհրդատվական և մասնագիտական աջակցության տրամադրումը և բազմաստիճան կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը: 

«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն»-ն ունի նաև պաշտոնական վեբ-կայքը, որտեղից կարող եք ստանալ կենսաթոշակային համակարգի, մասնավորապես՝ կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված Ձեր բոլոր հարցերի պատասխանները: 

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնը քաղաքացիներին մատուցում է անվճար խորհրդատվական ծառայություն՝ կենսաթոշակային համակրգին առնչվող ցանկացած հարցի պատասխանելով: Սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող Ձեր հարցերի պատասխանները կարող եք ստանալ այցելելով կենսաթոշակային բարեփոխումների իրազեկման կենտրոնի պաշտոնական վեբ-կայքը կամ զանգահարելով «114» թեժ գծի անվճար հեռախոսահամարին:
2015 թվականի ապրիլ ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 3395 զանգ: 
Ստացված զանգերից 831-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 229 զանգ՝ նպաստների (ընտանիքի անապահովության), 1613 զանգ՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին: Քաղաքացիները զանգահարել են նաև երեխայի խնամքի նպաստի (50), բժշկասոցիալական փորձաքննության (21), ավանդի փոխհատուցման (70) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար: 
Ապրիլ ամսին ստացվել է 26 բողոք, որից 5-ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 8-ը՝ Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին, իսկ 13-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին: 
Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել: