Կենսաթոշակային բարեփոխումներ


Բարեկեցիկ և արժանապատիվ ծերություն ունենալու համար պետք է սկսել մտածել դեռևս երիտասարդ տարիքից: ՀՀ-ում ներկայումս գործում է սերունդների համերաշխության սկզբունքի վրա հիմնված բաշխողական կենսաթոշակային համակարգ: Անհատ ձեռներեցը, վարձու աշխատողներն ու նրանց գործատուները կատարում են սոցիալական ապահովության պարտադիր վճարներ, որոնք ուղղվում են պետական բյուջե: Կենսաթոշակները ֆինանսավորվում են պետական բյուջեի ընդհանուր եկամուտներից: 
Գործող բաշխողական համակարգի վրա խիստ անդրադառնում են հատկապես ժողովրդագրական խնդիրները: Բացի դրանցից համակարգը «կայուն» պահելու համար կան նաև տնտեսական խնդիրներ: Այսպես, անձի կողմից կատարված պարտադիր սոցիալական վճարների և նրան վճարվող կենսաթոշակի միջև ուղղակի կապի բացակայության հետևանքով աշխատողները շահագրգռված չեն վճարումներ կատարել մի համակարգին, որն ի վիճակի չէ ապահովել աղքատության գծից բարձր կենսաթոշակ: Գործատուներն էլ իրենց հերթին են խուսափում այդ սոցիալակն վճարները կատարելուց: Վերջինս էլ արտահայտվում է աշխատողների իրական քանակն ու նրանց վճարվող աշխատավարձի չափը թաքցնելով: Նշված երևույթների ազդեցությունը կենսաթոշակային համակարգի վրա արտահայտվում է ֆինանսական կայունության և կենսաթոշակների համարժեքության ցուցանիշների վատթարացմամբ: Սոցվճարների դրույքաչափի և աշխատավարձի ներկա մակարդակի պայմաններում հավաքագրված սոցվճարները բավարար չեն լինելու միջին աշխատավարձի նկատմամբ միջին կենսաթոշակի անկումը կանխելու համար: 
Պայմանավորված վերոհիշյալ պատճառներով և գիտակցելով խնդրի լրջությունը՝ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է կենսաթոշակային գործող համակարգի արմատական բարեփոխումներ, որոնց հիմնական ուղղություններն ու սկզբունքները, կարևորագույն պարամետրերը, կառուցվածքային շրջանակը և դրանց կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատվել են 2008թ. նոյեմբերին «ՀՀ կենսաթոշակային բարեփոխումների ծրագրով»: Իրականացվող բարեփոխումներն արվում են հաշվի առնելով նաև դրանց կիրառման միջազգային փորձը: 

USAID/PRIP Ծրագիր

Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ԱՄՆ ՄԶԳ տեխնիկական աջակցությամբ, հետևողական աշխատանք է տարել բարելավելու երկրի սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետությունն ու ֆինանսական կայունությունը: Կառավարության աղքատության հաղթահարմա նծրագրում ամրագրված է նոր բազմաստիճան կենսաթոշակային համակարգի և ինտեգրացված սոցիալական ծառայությունների համակարգիներդրումը: Այդուհանդերձ, ընդգրկվածության փոքր ծավալը, հարկերի վճարումներից խուսափելիության բարձր տոկոսը, ինչպես նաև կառուցվածքային և մասնագիտական կարողությունների ցածր մակարդակը մնում են նոր կենսաթոշակային համակարգի ներդրման հիմնական խոչընդոտները, թեև 2010թ.-ի դեկտեմբերին ընդունված կենսաթոշակային համակարգին առնչվող օրենքների փաթեթը բավական կատարելագործել էր օրենսդրական դաշտը: Նոր կենսաթոշակային համակարգի ներդրումը և սոցիալական ծառայությունների մատուցման առավել արդյունավետ համակարգի իրականացումը կարևոր նախապայման են երկրի տնտեսական աճը, սոցիալական կայունությունը և համընդհանուր սոցիալական ներառումն ապահովելու վերջնանպատակի համար: 

Կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի պաշտոնական վեբ-կայքում