Ոլորտը

Հայաստանի կենսաթոշակային համակարգը աշխատում էր սերունդների համերաշխության սկզբունքի հիման վրա: Այս սկզբունքի գործելու էությունը կայանում է նրանում, որ գործատուներն ու աշխատողները պարտադիր սոցիալական վճարներ են մուծում պետական բյուջե, որոնց հաշվին վճարվում են քաղաքացիների կենսաթոշակները: Փորձագետները գնահատել են, որ նվազագույն սպառողական զամբյուղի չափով կենսաթոշակ վճարելու համար կենսաթոշակային ծախսերը պետք է ավելացվեն գրեթե 2 անգամ: Այսպիսով պարզ է դառնում, թե կենսաթոշակների հետագա բարձրացումը ինչպիսի ծանր բեռ է դառնալու պետական բյուջեի համար: Խնդիրը հատկապես բարդանում է ժողովրդագրական ոչ բարենպաստ գործոնների պատճառով: Դրանց մեջ կարելի է առանձնացնել ծնելության մակարդակի անկումը, արթագաղթի ահագնացող տեմպերը: Նկատվում է բնակչության ծերացում: Կենսաթոշակների բարձրացումը ենթադրում է կենսաթոշակային վճարումների մասբաժինի ավելացում պետբյուջեի սոցիալական ծախսումների մեջ: Վերոհիշյալներով պայմանավորված կենսաթոշակային համակարգի արմատական բարեփոխումներն անխուսափելի են: 
ՀՀ-ում տեղի ունենցած կենսաթոշակային բարեփոխումները, որոնց նախաձեռնողը ՀՀ կառավարությունն էր, նպատակ ունեն արժանապատիվ ծերություն ունենալու համար ապահովել պատշաճ կենսաթոշակ կենսաթոշակառուների համար, կենսաթոշակային համակարգը դարձնել ֆինանսապես կայուն, ապահովել ուղղակի կապ կատարված սոցիալական վճարների և կենսաթոշակի չափի միջև: 
Ներկայումս ՀՀ-ում գործում է բազմաստիճան կենսաթոշակային համակարգ: Բազմաստիճան կենսաթոշակային համակարգն ունի երկու բաղադրիչ` բաշխողական կենսաթոշակային բաղադրիչ և կուտակային կենսաթոշակային բաղադրիչ: Նոր համակարգում ամենակարևոր նորամուծությունը կուտակային կենսաթոշակային բաղադրիչի ներդրումն է: Այն ենթադրում է,որ յուրաքանչյուր մասնակից աշխատանքային տարիքում ստացած եկամուտների որոշ մասը կուտակում է «հատուկ հաշվում», որին գումարվում է նաև պետության հատկացումները: Կուտակային կենսաթոշակային բաղադրիչը ներառում է պարտադիր կուտակային և կամավոր կուտակային կենսաթոշակներ:
Պարտադիր կուտակային կենսաթոշակ 
Մասնակցի կենսաթոշակային հաշվում անընդհատ կուտակվող գումարը կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից ներդրվում է մասնակցի կողմից ընտրված եկամտաբեր ակտիվներում /ավանդ, արժեթուղթ/,որպեսզի այդ գումարը ավելանա: 
Պետությունը երաշխավորում է մասնակցի կատարած պարտադիր կուտակային վճարների վերադարձելիությունը` ճշգրտված տարեկան գնաճով: Երբ լրանում է մասնակցի կենսաթոշակային տարիքը, նա ստանում է իր խնայած գումարը, պարտադիր մասնակցության դեպքում նաև պետության ավելացրած գումարը և դրանց կառավարումից ստացված եկամուտները:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին մասնակցելը պարտադիր է 1974թ.-ի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր անձանց համար: 
Կամավոր կուտակային կենսաթոշակ
Յուրաքանչյուր անձ կարող է դիմել մասնավոր ֆինանսական կազմակերպություններին` կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմաներից մեկին կամ մի քանիսին մասնակից դառնալու համար: Այստեղ կարող են մասնակցել բոլորը:
Մասնակիցը կամավոր կերպով կատարում է վճարներ` իր կողմից ընտրված կամավոր կենսաթոշակային սխեմաների կանոնների համապատասխան: Ի դեպ, պետությունն այստեղ չի մասնակցում: