Բարեփոխումներ



Յուրաքանչյուր երկրի սոցիալական պաշտպանության համակարգն ապահովում է հասարակության և նրա առանձին անդամների բարեկեցությունը: Հաշվի առնելով սոցիալական պետության առջև դրված խնդիրները, սոցիալ-տնտեսական ու հասարակական կյանքում արձանագրվող գործընթացները` ժամանակակից պետություններում անընդհատ կատարելագործվում են սոցիալական պաշտպանության համակարգերը` ներդնելով նոր գործիքակազմեր: Յուրաքանչյուր պետության սոցիալական պաշտպանության ոլորտում կիրառվող գործիքակազմերը, իրականացվող բարեփոխումները առանձնահատուկ են` կախված բազմաթիվ գործոններից: Սակայն, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձի ուսումնասիրությունը, ժամանակակից աշխարհում ընդհանրական է իրականացվող բարեփոխումների նպատակը, այն է` շարունակաբար բարձրացնել սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետությունը: 
Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը նշանակում է նոր որակի ծառայությունների տրամադրում, հաճախորդի սոցիալական վիճակի վրա ներազդելու սկզբունքորեն նոր մեթոդների և մեխանիզմների կիրառում: Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի նեդրումը չի հանդիսանում մեկ գերատեսչության առջև դրված խնդիր և չի կարող իրականացվել մեկ գերատեսչության ուժերի միջոցով: Այն համապետական նշանակության խնդիր է: 
Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի կարևորագույն բնութագրիչներից է հանդիսանում համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների առկայությունը: Վերջիններում ծառայությունները մատուցվելու են «մեկ պատուհանի» սկզբունքի կիրառմամբ, երբ մեկ շենքում տեղակայվում են սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները: 
Ներկայումս սոցիալական պաշտպանության ոլորտում զուգահեռաբար իրականացվում են սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումներ: Սոցիալական ոլորտի բարեփոխումների մեջ հարկ է առանձնացնել նաև զբաղվածության, սոցիալական աջակցության, կենսաթոշակային ապահովության ոլորտներում պետական քաղաքականությունը: 


Կենսաթոշակային բարեփոխումներ 
Բարեփոխումներին նախորդող փուլում Հայաստանի Հանրապետությունում գործում էր բացառապես սերունդների համերաշխության սկզբունքով կենսաթոշակային համակարգ: Բարեկեցիկ և արժանապատիվ ծերություն ունենալու համար պետք է սկսել մտածել դեռևս երիտասարդ տարիքից: Սերունդների համերաշխության սկզբունքի վրա հիմնված համակարգում անհատ ձեռներեցը, վարձու աշխատողներն ու նրանց գործատուները կատարում էին սոցիալական ապահովության պարտադիր վճարներ, որոնք ուղղվում են պետական բյուջե, իսկ կենսաթոշակները բացառապես ֆինանսավորվում էին պետական բյուժեի ընդհանուր եկամուտներից: 
Բաշխողական համակարգի վրա խիստ են անդրադառնում հատկապես ժողովրդագրական խնդիրները: Բացի այդ առկա էին համակարգի կայունության ապահովման էական տնտեսական ռիսկեր: Այսպես, անձի կողմից կատարված պարտադիր սոցիալական վճարների և նրան վճարվող կենսաթոշակի միջև ուղղակի կապի բացակայության հետևանքով աշխատողները շահագրգռված չեն վճարումներ կատարել մի համակարգին, որն ի վիճակի չէ ապահովել աղքատության գծից բարձր կենսաթոշակ: Գործատուներն էլ իրենց հերթին խուսափում էին այդ սոցիալական վճարները կատարելուց: Վերջինս էլ արտահայտվում էր աշխատողների իրական քանակն ու նրանց վճարվող աշխատավարձի չափը թաքցնելով: Նշված երևույթների ազդեցությունը կենսաթոշակային համակարգի վրա կարող է ներազդել ֆինանսական կայունության և կենսաթոշակների համարժեքության ցուցանիշների վատթարացմամբ: Սոցիալական վճարների դրույքաչափի և աշխատավարձի նախկինում գործող մակարդակի պայմաններում հավաքագրված վճարները բավարար չէին լինելու միջին աշխատավարձի նկատմամբ միջին կենսաթոշակի անկումը կանխելու համար: 
Պայմանավորված վերոնշյալ պատճառներով և գիտակցելով խնդրի լրջությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել և մեկնարկել է կենսաթոշակային համակարգի արմատական բարեփոխումներ, որոնց հիմնական ուղղություններն ու սկզբունքները, կառուցվածքային շրջանակը և դրանց կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատվել են 2008թ. նոյեմբերին «Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային բարեփոխումների ծրագրով»:
Կենսաթոշակային բարեփոխումների նպատակն էր Հայաստանի Հանրապետությունում ներդնել բազմաստիճան կենսաթոշակային համակարգ: Այսինքն, ի լրումն գործող՝ սերունդների համերաշխության սկզբունքով ֆինանսավորվող բաշխողական կենսաթոշակային համակարգի ներդրվում է նաև երկու նոր՝ պարտադիր և կամավոր կուտակային բաղադրիչներով համակարգ: 
Բարեփոխումների արդյունքում հայաստանյան կենսաթոշակային համակարգը բաղկացած է 4 բաղադրիչներից: 


0 և 1 աստիճանները ձևավորելու են Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ապահովության համակարգի պետական կենսաթոշակային բաղադրիչը: 
Այսինքն, կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում, ի լրումն գործող համակարգի, ներդրվում են նաև կենսաթոշակների ֆինանսավորման այլ աղբյուրներ, որոնք ձևավորվում են անձի կատարած վճարումներից: Մեկ անգամ ևս փաստենք, որ պարտադիր կուտակային բաղադրիչը ներդրվել է ի լրումն գործող կենսաթոշակային համակարգի, այլ ոչ երբեք դրա փոխարեն: Պետությունը, 0 և 1 աստիճանների միջոցով պահպանում է սոցիալական պատասխանատվությունն իր քաղաքացիների հանդեպ: 

Աշխատանքի և զբաղվածության ոլորտի բարեփոխումներ 
Զբաղվածության ոլորտում իրականացվող բարեփոխումները երկրի սոցիալ-տնտեսական կայունության ու բնակչության կենսամակարդակի բարձրացման հիմքն են հանդիսանում: 
Բարեփոխումների առանցքը զբաղվածության ակտիվ ծրագրերի առավել ինտենսիվացումն էր: Վերջերս ընդունված «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով առաջնությունը տրվում է ակտիվ ծրագրերի իրականացմանը: Ակտիվ ծրագրերի քանակն էականորեն աճել է՝ ներառելով առավել մեծ թվով շահառուներ և ոլորտներ:
Զբաղվածության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակներում շարունակաբար իրականացվում են փորձնական ծրագրերի մշակում և ներդրում, մեթոդական աջակցություն, ուսումնական մոդուլների մշակում: Նախատեսվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում` ներգրավելով միջազգային և տեղական փորձագետների ուսումնասիրություններն ու դիտարկումները, ինչպես նաև հիմք ընդունելով ստանձնած միջազգային պարտավորություններն ու իրավակիրառական պրակտիկայում տեղ գտած անհամապատասխանությունները: Օրենսգրքի փոփոխությունների նախագիծը շահագրգիռ կողմերի հետ քննարկումներից հետո կներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարություն: 

Սոցիալական աջակցության ոլորտի բարեփոխումներ 
Սոցիալական աջակցության հիմնական նպատակն է բավարարել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի հիմնական պահանջմունքները, ստեղծել պայմաններ հասարակության մեջ ինտեգրվելու համար, խթանել ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացումը, կանխարգելել նրանց սոցիալական մեկուսացումը, ինչպես նաև օժանդակել նրանց սոցիալական, ֆինանսական խնդիրների լուծմանը: 
Բարեփոխումների արդյունքում ընդունվել է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ նոր օրենքը: Սահմանվել են ինտեգրված սոցիալական ծառայությունների տեսանկյունից նորարական լուծումներ, մասնավորապես՝ աջակցող ցանցի գործունեության, դեպքի վարման իրականացման և այլն:
Տեղեկատվական համակարգերի կատարելագործում

Տեղեկատվական համակարգերի կատարելագործում
Ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման արդյունքում անհրաժեշտություն առաջացավ վերաիմաստավորել առկա տեղեկատվական համակարգերը, որի շրջանակներում կատարելագործվեցին առանձին ոլորտների լուծումները, ինչպես նաև ներդրվեցին սոցիալական բանկը, դեպքի վարման գործիքը, ինտեգրված սոցիալական ծառայությունների շահառուների սպասարկման համակարգը, ինտեգրված սոցիալական ծառայությունների տեղեկատվական համակարգը:
Ներկայումս «ԱյԲիԷմ» կորպորացիայի հետ համագործակցության շրջանակներում նախատեսվում է սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր տեղեկատվական համակարգերի ինտեգրում, որի արդյունքում կներդրվի մեկ միասնական տվյալների բազա, ինչն էապես կբարձրացնի տեղեկատվության կառավարման արդյունավետությունը: 

Շարունակական բարեփոխումներ են իրականացվում նաև հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի, ինչպես նաև ժողովրդագրության ոլորտներում: Վերաիմաստավորվում են նաև մոնիթորինգի և գնահատման լուծումները՝ դրանց շրջանակներում սկզբունքային նոր ցուցանիշների և մեթոդաբանության ներդրմամբ, ինչպես նաև դրանք տեղայնացվում են տեղեկատվական համակարգերում: