Պետական նպաստներ

Uոցիալական աջակցության հիմնական նպատակն է բավարարել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի հիմնական պահանջմունքները, խմբի, ընտանիքի, համայնքի բնակչության սոցիալական կարիքները, ստեղծել պայմաններ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի հաuարակության մեջ ինտեգրվելու համար, խթանել նրանց ինքնoգնության և ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացմանն ու ինքնորոշմանը, կանխարգելել նրանց uոցիալական մեկուuացումը, ինչպեu նաև oժանդակել նրանց uոցիալական խնդիրների լուծմանը: Անձի հիմնական պահանջմունքները բավարարելու համար պետությունը սահմանում է նպատների համակարգը, որը կարգավորվում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով: 
Պետական նպաստը պետական բյուջեի միջոցներից պարբերաբար կամ միանվագ տրամադրվող դրամական օգնություն է: Պետական նպաստների տրամադրման նպատակն է
  • անապահով ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն օժանդակելը կամ դրա վատթարացումը կանխելը, 
  • ընտանիքի կամ քաղաքացու որոշակի ծախսերի մասնակի հատուցումը, 
  • ժողովրդագրական իրավիճակի բարելավումը, 
  • սոցիալական ապահովության իրավունքի իրականացումը: 
Հայաստանի Հանրապետությունում տրամադրվում են նպաստների հետևյալ տեսակները՝ 
  1. ընտանեկան նպաստը, 
  2. սոցիալական նպաստը, 
  3. հրատապ օգնությունը, 
  4. երեխայի ծննդյան միանվագ նպաստը, 
  5. մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը, 
  6. ժամանակավոր անաշխատունակության նպաստը, 
  7. ծերության նպաստը, 
  8. հաշմանդամության նպաստը, 
  9. կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, 
  10. թաղման նպաստը: 

Ընտանեկան նպաստ 
Ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունեն անապահով ընտանիքները: Ընտանիքի անպահավության գնատումն իրականացվում է հատուկ գնահատման համակարգի միջոցով: Համաձայն դրա՝ ընտանիքի անապահովության աստիճանը գնահատվում է ընտանիքի անապահովության բնութագրիչների` ընտանիքի յուրաքանչյուր անդամի եկամտի, ընտանիքի կազմի, ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական վիճակի և այլ պայմանների հիման վրա: Անապահովության «0» միավոր ունեցող ընտանիքը չի ներառվում ընտանիքների անապահովության գնահատման համակարգով իրականացվող ծրագրերում:
Ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` մինչև 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից: Ընտանեկան նպաստի չափը որոշվում է՝ ընտանեկան նպաստի բազային մասին ավելացնելով ընտանիքի կազմում գտնվող և ընտանիքի բնակության վայրում փաստացի բնակվող 18 տարին չլրացած (այսինքն անչափահաս) յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը: Ընտանիքի 18 տարին չլրացած անդամի համար տրվող հավելման չափը կարող է տարբեր լինել՝ պայմանավորված տվյալ ընտանիքի անապահովության աստիճանով, բնակավայրով, ինչպես նաև ընտանիքի 18 տարին չլրացած անդամների թվով:
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով՝ իրեն անապահով համարող ընտանիքի չափահաս անդամներից մեկը, մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ, դիմում է իր փաստացի բնակության վայրի` պետական նպաստ տրամադրելու ՀՀ կառավարության լիրազորած մարմին (այսուհետ` տարածքային կենտրոն)` ներկայացնելով դիմում-հայտարարագիր, ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար իր ընտանիքի անապահովության բնութագրիչների մասին ամբողջական տվյալները հավաստող փաստաթղթեր: Ստացված տվյալները մուտքագրվում է ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական բազա: Ընտանիքների անապահովության միավորի հիման վրա նշանակվող պետական նպաստի համար դիմելու օր է համարվում տարածքային կենտրոնի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով դիմում-հայտարարագիրն ընդունելու օրը: Եթե դիմում-հայտարարագիրը և դրան կից անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացված են օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան, ապա դիմում-հայտարարագիրն ընդունված է համարվում դրանք ներկայացնելու օրը: Այն դեպքում, երբ դիմում-հայտարարագրին կցվում են ոչ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, տարածքային կենտրոնը նույն օրը դիմողին գրավոր տեղեկացնում է պակասող փաստաթղթերի ցանկի և դրանք սահմանված ժամկետում ներկայացնելու անհրաժեշտության մասին:

Սոցիալական նպաստը 
Սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` մինչև 18 տարեկան անդամ չունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորից: Սոցիալական նպաստ ստանալու իրավունքը ծագում է դիմողի դիմելու օրվա դրությամբ, և սոցիալական նպաստը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսից: 

Հրատապ օգնությունը 
Հրատապ օգնության տեսակներն են՝ 
  1. միանվագ հրատապ օգնությունը, 
  2. եռամսյակային հրատապ օգնությունը: 
Եռամսյակային հրատապ օգնության իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք չունեցող անապահովության «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքն անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում (արտակարգ իրավիճակների և կարճատև ֆինանսական խնդիրներ ունենալու) հայտնվելու դեպքում: Եռամսյակային հրատապ օգնությունը նշանակվում է սոցիալական նպաստի չափով` երեք ամիս ժամկետով: Սոցիալական աջակցության մասին ՀՀ օրենքով սահմանված խորհուրդը եռամսյակային հրատապ օգնության տրամադրման մասին առաջարկությունը տալիս է՝ հաշվի առնելով` 
  • միայն կենսաթոշակառուներից, ծերության կամ հաշմանդամության նպաստառուներից բաղկացած ընտանիք լինելը, 
  • ընտանիքում մեկից ավելի երեխայի առկայությունը, 
  • ընտանիքի անդամներից մեկի կամ մի քանիսի երկարատև հիվանդությունը, 
  • ընտանիքի կազմում գործազուրկ լինելու հանգամանքը, 
  • ընտանիքի կազմում ուսանող լինելու հանգամանքը, 
  • բնակարանի հրդեհը, բնակարանի (մի մասի) փլուզումը, ներտնային հաղորդակցուղիների վթարները և նմանատիպ այլ հանգամանքներ, 
  • ընտանիքի անդամի մահը, ինչպես նաև կյանքի դժվարին այլ իրավիճակների պատճառներով առաջացած կարճատև ֆինանսական խնդիրների առկայությունը: 

2. Միանվագ հրատապ օգնությունը տրամադրվում է` 
  • ընտանիքում երեխայի ծննդյան դեպքում. 
Երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի անդամներից մեկն ունեցել է երեխա և դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստի իրավունք: Երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է տարածքային կենտրոն: Երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է, եթե ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմել է երեխայի ծնվելու օրվանից սկսած՝ վեց ամսվա ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստ ստանալու իրավունք: Երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է ընտանիքում ծնված յուրաքանչյուր երեխայի համար: 
  • ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում. 
Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան: Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է տարածքային կենտրոն: Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է, եթե ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմել է երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստ ստանալու իրավունք: Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է ընտանիքի՝ առաջին դասարան ընդունվող յուրաքանչյուր երեխայի համար: 
  • ընտանիքի անդամի մահվան դեպքում. 
Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունեցող անձ չհամարվող անդամներից մեկը մահացել է և դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք: Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը, ընտանիքում չափահաս անդամ չլինելու դեպքում՝ անչափահաս անդամի օրինական ներկայացուցիչը, դիմում է տարածքային կենտրոն: Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է, եթե դիմումը ներկայացվել է մահվան օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք: Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է ընտանիքի մահացած յուրաքանչյուր անդամի համար: 
Հրատապ օգնություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝ 
  1. Դիմում հրատապ օգնություն ստանալու համար, 
  2. Տեղեկանք բնակարանային պայմանների մասին (աղետի հետևանքով տրամադրված տնակ, ոչ հիմնական շինություն)՝ տրված տեղական ինքնակառավարման մարմնի կողմից, 
  3. 3-րդ և 4-րդ աստիճանի վթարային բնակարանի համար ՀՀ քաղաքաշինության նախարարության լիազորած մասնագիտացված կազմակերպության կամ այդ կազմակերպությունից ստացված համապատասխան եզրակացության հիմքով տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված տեղեկանք, 
  4. Անձը հաստատող փաստաթղթի պատճենը, 
  5. Մահվան վկայականի կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճռի պատճենը, 
  6. Տեղեկանք` որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառելու մասին՝ տրված խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից, 
  7. Ամուսնալուծության վկայականի կամ դատարանի վճռի կամ հայրության ճանաչման վկայականի պատճենը կամ քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի կողմից տրված տեղեկանք` երեխայի հոր մասին տեղեկությունները մոր հայտարարությամբ գրանցված լինելու մասին, 
  8. Տեղեկանք աշխատավայրից՝ աշխատավարձի չափի մասին կամ հայտարարություն` չաշխատելու մասին, 
  9. Աշխատանքային գրքույկի պատճենը կամ հայտարարություն երբևէ աշխատած չլինելու կամ աշխատանքային գրքույկ չունենալու մասին, 
  10. Տեղեկանք ուսումնական հաստատությունում ցերեկային ուսուցմամբ սովորելու մասին, 
  11. Տեղեկանք` տրված կենսաթոշակ նշանակող իրավասու մարմնի կողմից, 
  12. ԲՍՓՀ-ի կողմից տրված հաշմանդամության տեղեկանքի պատճենը, 
  13. Տեղեկանք համապատասխան բուժհաստատությունից՝ 12 շաբաթական և ավելի հղիության մասին, 
  14. Տեղեկանք զինկոմիսարիատից՝ բանակ զորակոչվելու մասին, 
  15. Փաստաթուղթ 6 ամիս և ավելի Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվելու (հաշվառված լինելու) մասին, 
  16. Դիմում-հայտարարություն միայնակ չաշխատող կենսաթոշակառուի մասին, 
  17. Տեղեկանք՝ տրված խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատության կողմից, 
  18. Տեղեկանք՝ տրված անասնաբույժի կողմից` ընտանիքի տնօրինած անասնատեսակի և դրա քանակի մասին,
  19. Այլ: 
Հրատապ օգնություն տրամադրելու համար հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները՝ 
  1. միայն կենսաթոշակառուներից բաղկացած ընտանիքի (միայնակ բնակվող կենսաթոշակառուի) նպաստի իրավունքը կորցնելը` կենսաթոշակի բարձրացման հետևանքով, 
  2. ընտանիքի նպաստի իրավունքը կորցնելը` ընտանիքի անդամ կենսաթոշակառուի կենսաթոշակի բարձրացման հետևանքով, 
  3. ընտանիքի անապահովության միավորի` սահմանային միավորից քիչ ցածր լինելը (1-2 միավոր), 
  4. նախորդ եռամսյակում ընտանիքի` նպաստի իրավունքը կորցնելը, 
  5. ընտանիքում մեկից ավելի երեխայի` առավելապես այլ սոցիալական խումբ ունեցող, առկայությունը, 
  6. ընտանիքի անդամներից մեկի կամ մի քանիսի երկարատև հիվանդությունը, 
  7. բնակարանի հրդեհը, բնակարանի մի մասի փլուզումը, ներտնային հաղորդակցուղիների վթարները և նմանատիպ այլ հանգամանքներ, 
  8. ընտանիքի անդամի մահը, ինչպես նաև այլ պատճառներով կարճատև ֆինանսական խնդիրների առկայությունը: 
Երեխայի ծննդյան միանվագ նպաստը
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունի երեխայի հետ Հայաստանի Հանրապետությունում բնակության նույն վայրում բնակվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը: Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե դիմողը դիմել է նոր ծնված երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում: Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է ծնված յուրաքանչյուր երեխայի համար: Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու (երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու իրավունք ձեռք բերելու) համար դիմողը տարածքային կենտրոն է ներկայացնում դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը: Տարածքային կենտրոնը 10 աշխատանքային օրվա ընթացքում ճշտում է ներկայացված տվյալների հավաստիությունը և որոշում է ընդունում՝ նշանակել երեխայի ծննդյան միանվագ նպաստ կամ մերժել նպաստի նշանակումը: Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակումը մերժելու դեպքում այդ մասին գրավոր ծանուցվում է դիմողին: 

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը 
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունի ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներից մեկը կամ միակ ծնողը կամ խնամակալը մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը: Երեխայի խնամքի նպաստ ստանալու համար ծնողը դիմում է տարածքային կենտրոն և ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝ 
  1. դիմում, որում ծնողը լրացնում է իր ընտանիքի բնակության վայրի տվյալները (հասցեն, կացարանը), իր անձը հաստատող փաստաթղթի տվյալները, իր և երեխայի հանրային ծառայությունների համարանիշի կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, ինչպես նաև նպաստի վճարման եղանակը (կանխիկ կամ անկանխիկ), 
  2. երեխայի ծննդյան վկայականի պատճենը, 
  3. տեղեկանք գործատուից իր` մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին, 
  4. անհրաժեշտության դեպքում դիմողը ներկայացնում է նաև խնամակալության մասին փաստաթուղթը և դրա պատճենը: 
Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչև 2 տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում է յուրաքանչյուր երեխայի համար` անկախ գործատուի հրամանում այդ մասին նշված լինելու հանգամանքից: Երեխայի խնամքի նպաստը նշանակելուց հետո՝ 15 օրվա ընթացքում, տարածքային կենտրոնն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է համապատասխան գործատուին: 

Ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը 
  • Ծերության նպաստի իրավունք ունի կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձը՝ 65 տարին լրանալու դեպքում: Ծերության նպաստի իրավունք ունեցող անձը նպաստ նշանակելու համար կարող է դիմել ցանկացած ժամանակ` իր հայեցողությամբ: Ծերության նպաստը նշանակվում է ցմահ: 
  • Հաշմանդամության նպաստը նշանակվում է կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող հաշմանդամին, ինչպես նաև հաշմանդամ երեխա ճանաչված անձին: Հաշմանդամության նպաստը սահմանվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար: 
  • Կերակրողին կորցնելու դեպքում տրվող նպաստի իրավունք ունի մահացած կերակրողի՝ կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող՝ 
  1. 18 տարին չլրացած երեխան՝ մինչև 18 տարին լրանալը, 
  2. առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակը՝ մինչև 23 տարին լրանալը, 
  3. ամուսինը, որը խնամում է 18 տարին չլրացած երեխային և չի աշխատում՝ մինչև երեխայի 14 տարին լրանալը: 
Կերակրողին կորցնելու դեպքում նպաստը նշանակվում է կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունենալու ամբողջ ժամանակահատվածի համար: 
Ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելու համար նպաստի իրավունք ունեցող անձը, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը, դիմում է տարածքային կենտրոն՝ դիմումին կից ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը: 
Տարածքային կենտրոնը 10 աշխատանքային օրվա ընթացքում ճշտում է ներկայացված տվյալների հավաստիությունը և որոշում է ընդունում՝ նշանակել սույն հոդվածով սահմանված նպաստը կամ մերժել նպաստի նշանակումը: Նպաստի նշանակումը մերժելու դեպքում այդ մասին գրավոր ծանուցվում է դիմողին
Բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունում բնակվող անձին ծերության կամ հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ չի նշանակվում և չի վճարվում, բացառությամբ երեխաներին նշանակված՝ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի: 
Բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունում (մանկատանը) բնակվող երեխային վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում նպաստի 50 տոկոսը: Այդ գումարները, մինչև երեխայի 18 տարին լրանալը կամ սահմանված կարգով պետական հաստատությունից հեռանալը, կուտակվում են երեխայի անունով հատուկ այդ նպատակով բացված համապատասխան հաշվում և երեխայի 18 տարին լրանալու կամ սահմանված կարգով պետական հաստատությունից հեռանալու օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում վճարվում միանվագ կարգով: 

Նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստը վճարելը 
Նպաստառուի մահվան կամ հաշմանդամության նպաստի իրավունք ունեցող անձի հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության չներկայանալու դեպքում` հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ: 
Բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված, հաշմանդամության նպաստի իրավունք ունեցող, բայց նպաստը նշանակելու համար չդիմած անձի մահվան դեպքում` հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ, եթե հաշմանդամը մահացել է հաշմանդամ ճանաչվելու օրվանից հետո` 3 ամսվա ընթացքում: 
Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում բնակվող նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստ չի վճարվում, եթե հուղարկավորությունը կատարում է այդ հաստատությունը: 
Թաղման նպաստը նշանակվում է, եթե հուղարկավորությունը կատարվել է Հայաստանի Հանրապետությունում կամ նպաստառուն մահացել է Հայաստանի Հանրապետությունում: Նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակվում է գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը անձի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում, տարածքային կենտրոն ներկայացնելու դեպքում: