Ոլորտ

Ցանկացած երկրում բարենպաստ սոցիալական մակարդակ ապահովելու լավագույն տարբերակը համապատասխան պետական քաղաքականության իրականացումն է:
Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի՝ սոցիալական աջակցությունը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց, կյանքի դժվարությունները հաղթահարելու կամ մեղմելու, նրանց հիմնական պահանջմունքները բավարարելու, հասարակության մեջ ինտեգրվելու, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելու նպատակով ընտանիքին տրամադրվող սոցիալական ծառայությունների ամբողջությունն է: Համաձայն վերոնշյալ օրենքի՝ կյանքի դժվարին իրավիճակը հաշմանդամության, հիվանդության, տարիքի հետ կապված ինքնասպասարկման ունակությունների կորստի, առանց ծնողական խնամքի մնալու, աղքատության, գործազրկության, ընտանիքում կոնֆլիկտների, դաժան վերաբերմունքի, բռնության, մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) ենթարկվելու, անօգնականության, միայնակության, սոցիալական մեկուսացման, վնասակար սովորույթների, դժբախտ պատահարի կամ արտակարգ իրավիճակներում հայտնվելու, ազատազրկման վայրերում գտնվելու կամ այդ վայրերից վերադառնալու հանգամանքներից որևէ մեկով կամ դրանց համակցմամբ, մարդու կենսագործունեությանը խանգարող օբյեկտիվ իրավիճակ, որն անձն ինքնուրույն հաղթահարել չի կարող:
Սոցիալական աջակցության հիմնական նպատակն է բավարարել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի հիմնական պահանջմունքները, խմբի, ընտանիքի, համայնքի բնակչության սոցիալական կարիքները, ստեղծել պայմաններ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի հասարակության մեջ ինտեգրվելու համար, խթանել նրանց ինքնօգնության և ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացմանն ու ինքնորոշմանը, կանխարգելել նրանց սոցիալական մեկուսացումը, ինչպես նաև օժանդակել նրանց սոցիալական խնդիրների լուծմանը:
Սոցիալական աջակցության իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակվող և բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում: 
Երեխան ծննդյան պահից ձեռք է բերում մի շարք իրավունքներ, որոնք պաշտպանված են ինչպես միջազգային պայմանագրերով, այնպես էլ ներպետական օրենսդրությամբ: Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է բազմաթիվ միջազգային պայմանագրերի, որոնք առնչվում են երեխայի իրավունքների պաշտպանությանը (Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիա, Կոնվենցիա երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին, Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին կոնվենցիա, Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին կոնվենցիա, Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի՝ մանկավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին կամընտիր արձանագրություն և այլն), ինչպես նաև ընդունել է մի շարք ներպետական օրենսդրական ակտեր, որոնց թվում են՝ «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը, «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքը, Ընտանեկան օրենսգիրքը և այլն: Օրենսդրորեն նախատեսված են նաև երեխաների իրավունքների պաշտպանության ազգային և մարզային հանձնաժողովներ և խնամակալության ու հոգաբարձության մարմիններ: 
2003 թ.-ի դեկտեմբերի 18-ին ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ-ում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազգային ծրագիրը, համաձայն որի աշխատանքներ պետք է տարվեն ՀՀ-ի երեխայի իրավունքների պաշտպանությանը վերաբերող օրենսդրության բարելավման ուղղությամբ առողջապահության, սոցիալական ապահովության, հանգստի, ժամանցի և մշակութային կյանքի, արդարադատության, կրթության ոլորտներում: 
Չնայած օրենսդրական երաշխիքներին, գործնականում առկա են բազմաթիվ խնդիրներ երեխաների պաշտպանության հարցում, որոնք մատնանշվել են նաև 2010թ.-ի ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական զեկույցում, համաձայն որի շատ երկրներ շեշտել են երեխաների ավելի մեծ պաշտպանության անհրաժեշտությունը և ցանկացած տեսակի բռնությունից զերծ պահելու պետության պարտավորությունը: 
Համաձայն 2009թ.-ին Փրկենք երեխաներին (Save the Children) կազմակերպության կողմից «Աշխատենք ՀՀ-ում երեխաների նկատմամբ բռնությունը դադարեցնելու համար» (Working to Stop Violence against Children in Armenia) ծրագրի շրջանակներում կատարված հետազոտության արդյունքների, որոնք անցկացվել են ՀՀ 6 մարզերում և Երևանում, երեխաները բռնության են ենթարկվում ինչպես ընտանիքում, այնպես էլ այլ վայրերում։ Որպես ամենատարածված բռնության տեսակ մատնանշվել են ընտանեկան բռնությունը /հոգեբանական և ֆիզիկական/ և անուշադրության մատնելը: 
Շատ են նաև երեխաների աշխատանքային իրավունքի չարաշահման դեպքերը: Համաձայն ՀՀ օրենսդրության 14 տարեկանից փոքր երեխաների աշխատանքը արգելվում է: 14 տարեկան երեխաները կարող է աշխատել, միայն եթե կա ծնողի/ծնողների/ կամ խնամակալի (խնամակալների) թույլտվությունը: 16 տարեկանից սկսած երեխաները աշխատանքի իրավունք ունեն, սակայն արգելվում է ծանր, առողջության համար վնասակար և (կամ) վտանգավոր աշխատանք կատարել, ինչպես նաև արգելվում է աշխատել արտաժամյա, հանգստյան և տոն օրերին, գիշերային ժամերին: 
Չնայած օրենքով ամրագրված սահմանափակումներին, 14 տարին չլրացած շատ անչափահասներ աշխատում են ֆերմաներում, վաճառում են ծաղիկներ, լվանում են ավտոմեքենաներ Համաձայն Մարդու իրավունքների մասին ԱՄՆ Պետ Դեպարտամենտի 2010 թ.-ի զեկույցի, Հայաստանում աշխատող, մասնավորապես ծանր աշխատանքի մեջ ներգրավված անչափահասների հիմնական մասը չունի աշխատանքային պայմանագիր։ 
Անչափահասների արդարադատության համակարգի անկատարելությունը մեծ խնդիր է ՀՀ-ում: Թերի է ինչպես օրենսդրությունը, այնպես էլ դրա գործնական կիրառումը: Անչափահասների արդարադատությունը առանձին օրենսդրական կարգավորում չունի: Անչափահասների կողմից կատարված հանցագործությունները կարգավորվում են Քրեական օրենսգրքով, Քրեական դատավարության օրենսգրքով և այլն: 
Կատարված որոշ օրենսդրական փոփոխություններ համապատասխանեցվել են անչափահասների նկատմամբ կիրառվող օրենսդրության միջազգային չափանիշներին և նորմերին: