20-02-2017
Սոցիալական լրահոս

Կայացել է ազգային մակարդակում աջակցող ցանցի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում փետրվարի 10-ին տեղի է ունեցել Ազգային մակարդակում աջակցող ցանցի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը: 
Կարևորելով պետական և ոչ պետական հատվածների միջև հարաբերությունների ինստիտուցիոնալացումը՝ նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ սոցիալական խնդիրների վերհանման և համատեղ լուծման դիտանկյունից այն նոր և արդյունավետ ձևաչափ է: 
«Այս փուլում իրականացվող սոցիալական բարեփոխումների համատեքստում մենք պետք է համակարգված աշխատանքներ իրականացնենք և արձանագրված խնդիրներին տանք առարկայական լուծումներ՝ հավատարիմ մնալով ազգային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրում ամրագրված սկզբունքներին և նպատակներին»,-ընդգծել է նախարարը: 
Այնուհետև, Խորհուրդը հաստատել է նիստի օրակարգը և Համակարգող խորհրդի նախագահ ընտրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին: 
Նիստի ընթացքում քննարկվել են համակարգող խորհրդի կանոնակարգն ու մեկամյա գործունեության ծրագիրը: Կանոնակարգի վերաբերյալ եղան մի շարք առաջարկություններ, հնչեցին կարծիքներ: Մեկամյա ծրագրի մասով հստակեցվեցին Ազգային և տարածքային մակարդակում ցանցային համագործակցության հետագա ձևաչափն ու աշխատանքների կազմակերպման մեխանիզմները: Խորհրդի կողմից եղավ առաջարկություն, որ նիստի ընթացքում ընդունված որոշումների մասին իրազեկվեն նաև Ցանցի բոլոր անդամները: 
Մեկամյա գործունեության ծրագրի շրջանակներում առաջարկվեց նաև ըստ անհրաժեշտության ձևավորել աշխատանքային հանձնաժողովներ: 
Ազգային և տարածքային մակարդակում գործող ցանցերի միջև համագործակցության արդյունավետ դաշտ ձևավորելու նպատակով՝ խորհուրդը անհրաժեշտ համարեց իրականացնել մարզային այցելություններ: 
Ամփոփելով նիստի արդյունքները՝ Համակարգող խորհրդի նախագահ Արտեմ Ասատրյանը նշեց, որ արված բոլոր դիտարկումներն ու առաջարկությունները կանոնակարգում և ծրագրում ներառելուց հետո, արդեն լրամշակված տարբերակով կներկայացվեն խորհրդի հաստատմանը: 
Նիստին ներկա էին համակարգող խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ «Լիարժեք կյանք» ՀԿ, «Հայկական կարմիր խաչի ընկերություն», «Ունիսոն» ՀԿ, «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա», «Արմավիրի զարգացման կենտրոն» ԲՀԿ, «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն, «Երեխաների պաշտպանության ցանցը»: 
Ազգային մակարդակում աջակցող ցանցում ընդգրկված են 47 անդամներ (իրավաբանական և ֆիզիկական անձինք): Ցանցի նպատակը պետություն, քաղաքացիական հասարակություն և բիզնես սեկտորի արդյունավետ համագործակցության միջոցով առկա սոցիալական խնդիրների վեր հանումն ու դրանց լուծման համակարգային մեխանիզմների մշակումն է:
Աղբյուրը` http://www.mlsa.am/home/show_news.php?id=1480&sec=news&back