01-03-2017
Սոցիալական լրահոս

Սոցիալական ապահովության Ճամբարակի տարածքային բաժինն արժանացավ ԱՄՆ դեսպանատան մրցանակի

ԱՄՆ պետքարտուղարության հասարակայնության հետ կապերի գրասենյակի աջակցությամբ իրականացված «Հաշմանդամություն ունեցող անձանց ներառման հնարավորությունների խթանում և մասնակցության ընդլայնում» ծրագրի շրջանակներում 2017թ․ փետրվարի 28-ին կազմակերպվել էր մրցանակաբաշխություն «Մատչելի վայրեր» անվանմամբ: Միջոցառման նպատակն էր խրախուսել մատչելի ենթակառուցվածքներ և ծառայություններ ունեցող կազմակերպություններին և հանրայնացնել մատչելի վայրերի մասին տեղեկատվությունը։
 
Մրցանակաբաշխության «Մատչելի պետական սոցիալական ծառայություն» անվանակարգում ներկայացված սոցիալական մի շարք ծառայությունների շարքում հաղթող է ճանաչվել Սոցիալական ապահովության պետական ծառայության Ճամբարակի տարածքային բաժինը: 
«Սոցիալական ապահովության պետական ծառայության և իմ անունից շնորհակալություն եմ հայտնում մրցանակի համար։ Ես համարում եմ, որ այն ոչ միայն մեր աշխատանքի գնահատական է, այլ նաև լրացուցիչ պատասխանատվություն, ինչը մեզ պարտավորեցնում է անել ավելին և լինել հետևողական՝ ոչ միայն մեր, այլ սոցիալական ապահովության պետական ծառայության մնացած բոլոր տարածքային կենտրոններում շահառուների սպասարկման որակը և պայմանները բարելավելու ուղղությամբ»,- նշեց Սոցիալական ապահովության պետական ծառայության Ճամբարակի տարածքային բաժնի պետ Վախթանգ Բաբայանը: Վերջինիս մրցանակը հանձնեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ Դիանա Սիթը։ 
Միջոցառմանը մասնակցում էր նաև սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավար Արտակ Ղազարյանը։