01-11-2017
Սոցիալական լրահոս

Մարդը գերագույն արժեք է և մենք՝ որպես սոցիալական աշխատողներ, պետք է հավատանք, որ նա կարող է փոխվել. Աստղիկ Մինասյան





Սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացում, սոցիալական աշխատողի առաքելություն, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգում սոցիալական աշխատողի դերի կարևորում. հանրային ռադիոյի «Կենսաձև»  հաղորդման շրջանակներում այս հարցերի շուրջ է խոսել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը:

Պաշտոնյայի խոսքով՝ սոցիալական աշխատանքի ինստիտուտը հետաքրքիր ու բազմաբովանդակ ոլորտ է, որի կայացման գործընթացը սկսվել է դեռևս 1993 թվականից, երբ ԵՊՀ-ում կազմակերպվում էին վեցամսյա դասընթացներ, որոնք հետագայում փոխարինվեցին բուհական երկարաժամկետ կրթությամբ

«Այսօր արդեն կարող ենք փաստել, որ հանրապետության 6 ԲՈՒՀ-երում մասնագիտանում են բազմաթիվ սոցիալական աշխատողներ: Սոցիալական աշխատանքը մասնագիտություն է, ոչ թե աշխատանքի տեսակ, քանի որ սոցիալական աշխատողը առնչվում է հասարակության ամենատարբեր խավերի ու անձանց, դժվար պատմությունների, խեղված ճակատագրերի հետ: Ծանր իրավիճակում հայտնված անձանց մոտ սեփական ուժերի նկատմամբ վստահություն արթնացնելը, իր կյանքի որակի բարելավելու ուղղությամբ ինքնուրույն որոշում կայացնելու ունակության ձեռքբերումը, վաղվա օրվա նկատմամբ հույսի ու հավատի ներարկումը սոցիալական աշխատողի կարևորագույն առաքելությունն է: Սոցիալական աշխատողն ապրումակցում է դժվար իրավիճակում հայտնված անձին՝ լուծելու իր առջև ծառացած խնդիրները»,- իր խոսքում ընդգծել է վարչության պետը:

Անդրադառնալով սոցիալական աշխատողի մասնագիտական հմտություններին՝ զրուցակիցը պարզաբանել է ապրումակցում հասկացությունը՝ հասկանալ դիմացինի խնդիրներն ու ապրումները իբրև սեփական՝ երբեք չմոռանալով «իբրև» բառը, որովհետև անհնար է դիմացինի  բոլոր խնդիրները հասկանալ ու կրել քո հոգու մեջ և դիմանալ դրանց: Սոցիալական աշխատանք մասնագիտության մեջ կա նաև սուպերվիզա հասկացությունը: Լինելով փորձառու սոցիալական աշխատողներ՝ նրանք կարողանում են իրենց մասնագիտական խորհուրդներով ու աջակցությամբ օգնել իրենց գործընկերներին հաղթահարելու ստեղծված հոգեբանական և այլ խնդիրները:

Հարցին, թե արդյոք պետական և ոչ պետական կառավարման մարմիններում անհրաժեշտ չէ ունենալ սոցիալական աշխատողներ՝ զրուցակիցը նշել է, որ այն ոլորտներում, որտեղ կա ուղղակի քաղաքացու հետ շփում, պարտադիր է սոցիալական աշխատողի առկայությունը: «Սոցիալական աշխատանքը որպես մասնագիտություն շուրջ 15 տարվա պատմություն ունի մեր իրականության մեջ, ուստի դեռ  բավարար կադրեր չունենք:  Ոլորտում կան և փորձառու և սկսնակ մասնագետներ: Սոցիալական խնդիրների բազմազանությունը պարտադրում է ունենալ ճկուն, արագ, ստանդարտից դուրս մտածողություն, ազնվություն, արդարամտություն, արագ կողմնորոշվելու ընդունակություններ»,-մանրամասնել է Աստղիկ Մինասյանը:

Քաղաքացու կողքին, բացի իր բարեկամ-հարազատ-հարևան գործոնից, պետք է լինի պրոֆեսիոնալ խումբ, որն օգնում է քաղաքացուն տեսնել իր խնդիրները, հասկանալ իր հնարավորություններն ու հմտությունները, ունենալ վստահություն իր ուժերի նկատմամբ և փոխել իր կյանքի որակը, վստահեցնում է պաշտոնյան

«Ընդհանրապես մարդու, ընտանիքի սոցիալական խնդիրները  համատեղ իրականացնելու համակարգման խնդիր գոյություն ունի, ինչը մեզ ապահովում է մեր ոլորտում իրականացվող վերջին տարիների ամենամեծ բարեփոխումը՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը, որը ուղղակի քաղաքացիների հետ աշխատելու կենտրոնում դնում  է սոցիալական աշխատողին կամ դեպք վարողին», - նշել է զրուցակիցը:

Անդրադառնալով սոցիալական աշխատողի, որպես մասանգիտություն ընտրելու հանգամանքին, պատասխանատուն մանրամասնել է, որ այս տարի Երևանի պետական համալսարանի «Սոցիալական աշխատանք» բաժնում դիմորդների պակաս չի զգացվել, ինչն ուրախալի է և ոգևորող: Նրա համոզմամբ՝ սոցիալական աշխատանք մասնագիտություն ընտրողը պետք է սիրի Մարդուն, այդ աշխատանքը պետք է մոտ լինի իր անձնային որակներին ու արժեհամակարգին:  

Զուգահեռներ տանելով բժշկի մասնագիտության հետ՝ Աստղիկ Մինասյանն ընդգծել է, որ սոցիալական աշխատանքը որպես մասնագիտություն ձևավորվել է հիվանդանոցում, քանզի հիվանդությունների պատճառների գերակշիռ մասը սոցիալական են: Թե բժիշկը, թե սոցիալական աշխատողը գործ ունեն մարդկային ճակատագրերի հետ և նրանց կայացրած որոշումները խիստ կարևոր են մարդու համար:

Սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման գործում Աստղիկ Մինասյանը կարևորել է սերտ համագործակցոթյունը ինչպես այլ գերատեսչությունների, այնպես էլ միջազգային ու տեղական հասարակական կազմակերպությունների հետ՝ նշելով, որ  նրանք էական դերակատարում ունեն սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման, ծրագրերի կազմակերպման ու մշակման, առաջավոր փորձի ներկայացման ու փոխանցման գործընթացում

Ամփոփելով՝ պաշտոնյան ընդգծել է, որ սոցիալական աշխատողի հիմնական խնդիրը մարդուն փոխելն է. «Մարդը գերագույն արժեք է և մենք որպես սոցիալական աշխատողներ պետք է հավատանք, որ նա կարող է փոխվել»: