27-01-2018
Սոցիալական լրահոս

Սոցոլորտի աշխատողների վերապատրաստման կարիք կա. Միրա Անտոնյան


«Սոցիալական աջակցության մասին» օրենքով գրեթե ամեն ինչ նախատեսված է՝ ինչ է պետք, որ որակյալ ծառայություններ մատուցվեն, սակայն նախատեսված տիպի գործառույթներն անհնար է իրականացնել այս պատրաստվածության աշխատուժով: «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում. ձեռքբերումներ և խնդիրներ» խորագրով գիտաժողովին այս մասին նշեց Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը:

Նրա խոսքով՝ ոլորտի աշխատողների կանոնավոր վերապատրաստումների կարիք կա՝ նրանց աշխատանքից չկտրելով: Մասնագետներին աճեցնելու գործընթացն, ըստ Անտոնյանի, պետք է տանել այնքան ժամանակ, մինչև հասնեն պրոֆեսիոնալիզացիայի:

«Մասնագիտացումը Հայաստանում չի հորինվել, առաջին հերթին կրթության պահանջները պետք է ամրագրվեն, միայն Հայաստանը չէ, որ ցանկանում է նման ծառայություն ներմուծել՝ չունենալով մասնագիտացված սոցիալական աշխատողներ»,- ասաց նա:

Անտոնյանը նշեց, որ պետք է տարբերակել սովորելու խորը և սովորելու մակերեսային մոտեցումները, խորը սովորելու համար պետք է նշվի՝ մինչև երբ պիտի մարդիկ կուտակեն գիտելիքներ, որ համարվեն արհեստավարժ, իսկ որոշակի թվից սկսած՝ պիտի լրացվեն հաստիքները այսինչ գիտելիքներն ունեցող մարդկանցով: Այսպիսով, ըստ Անտոնյանի, թե մարդկանց չեն վնասում, թե ոլորտն արհեստավարժ կադրերով են լրացնում: