27-01-2018
Սոցիալական լրահոս

Շատ երեխաներ շուրջօրյա խնամքի հաստատություններում են հայտնվում զուտ սոցիալական խնդիրներից ելնելով. Աննա Սաֆարյան



Երեխաները որոշակի ծառայություններ կարողանում են ստանալ այն փուլում, երբ հայտնվում են շուրջօրյա խնամքի ծառայությունում, սակայն չկան կանխարգելող մեխանիզմներ, նրանց ընտանիքին ցուցաբերվող աջակցություն: Հունվարի 27-ին Երևանում «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում. ձեռքբերումներ և խնդիրներ» խորագրով գիտաժողովի ժամանակ այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի օգնական Աննա Սաֆարյանը:


Նա նշեց, որ սոցիալական ծառայությունները, սոցիալական դեպքի վարման գաղափարախոսությունը գործում են վաղուց:

«Մենք ունենք ՀԿ-ներ, որոնք սկսել են դեպքի վարումը, սոցիալական ծառայությունների մատուցումը ավելի վաղ, քան մենք ներդրել ենք իրավական կարգավորումներ: Այսինքն՝ որպես ընտանիքին աջակցող անձ, մարմին, նրանք կային, ուղղակի պետք էր սահմանել պետական ընթացակարգեր, որ պետությունը ևս կարողանար ներգրավվել այդ ոլորտում»,- ասաց նա:

Սաֆարյանի խոսքով՝ ծառայություն մատուցողները բավական շատ էին, բայց խնդիր կար դրանք ճիշտ բաշխելու, կային մարզեր, որտեղ ծառայությունները շատ էին, կային մարզեր, որտեղ նման ծառայություններ չկային, երբեմն երեխաներ կային նույն ծառայությունը ստանում էին մի քանի կառույցից, և կային երեխաներ, որ զրկված էին նման ծառայությունից: Ըստ Սաֆարյանի՝ սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը մեծ օգնություն էր ու նոր թափ հաղորդեց աշխատանքներին:

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բազմաթիվ երեխաներ հայտնվել են շուրջօրյա խնամքի հաստատություններում զուտ սոցիալական խնդիրներից ելնելով, այսինքն՝ եթե ժամանակին ընտանիքին օգնություն ցուցաբերվեր, հնարավոր էր կանխարգելել, նրանք խնամք կստանային ընտանեկան պայմաններում»,- ասաց նա:

Սաֆարյանը հայտնեց, որ երկու գիշերօթիկ հաստատություն արդեն վերակազմակերպվել է երեխայի խնամքի և աջակցության կենտրոնի: Նրա խոսքով՝ այս ոլորտի բարեփոխումների նպատակը այլընտրանքային խնամքի ծառայությունների ներդրումն է, զարգացումը. կան ծառայություններ, որոնցում պետք է նոր մեխանիզմներ դրվեն, կան նաև ծառայություններ, որոնք նոր պետք է ներդրվեն:

Սաֆարյանը հայտնեց, որ ներդրվել է փոքր տների գաղափարը, ինչը դարձյալ շուրջօրյա խնամք ապահովելու համար է, բայց արդեն փոքր տարածքում՝ ընտանեկան միջավայր ապահովելով: Նա նշեց, որ ֆինանսական միջոցներն ուղղվում են կենսաբանական ընտանիքների աջակցությանը, խնամատար ընտանիքներին և փոքր տներին: