27-01-2018
Սոցիալական լրահոս

Թանկացումների հետ կապված անհրաժեշտ քայլերն իրականացվում են. Արտեմ Ասատրյան




Հայաստանում վերջին թանկացումների հետ կապված անհրաժեշտ այն աշխատանքները, որոնք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործառույթների շրջանակներում են, լիարժեք իրականացվում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:


«Այն աշխատանքները, որ իրականացվում են տարածքային մակարդակում, անհրաժեշտ ծրագրերն ուղղորդվել են բացառապես խոցելի ընտանիքներին և կարիքավոր ընտանիքներին: Եթե գործողությունները բերեն համապատասխան իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության, ես առաջարկություններով հանդես կգամ»,- ասաց նա:

Ասատրյանը նշեց, որ բոլոր պատկան մարմիններն այս ընթացքում իրենց գործառույթների շրջանակներում իրականացրել են անհրաժեշտ քայլերը, նա հիշեցրեց և Հանրապետության նախագահի մոտ տեղի ունեցած քննարկումներն ու համապատասխան հանձնարարականները պատկան մարմիններին, և դրանից հետո հետևած գործողությունները, նշեց՝ կան համապատասխան օրենսդրական նախաձեռնություններ, որոնք անդրադառնում են խնդրահարույց կետերին: Այդ կետերի հետ կապված, ըստ նախարարի, այս ընթացքում և ուսումնասիրություններ են կատարվել, և լսումներ են սկսվել: Նախարարի համոզմամբ՝ համապատասխան մարմինների կողմից կատարված աշխատանքներն իրականացվում են և իրենց արդյունքը տալու են:

«Այսօր անհրաժեշտ քայլերն իրականացվում են համապատասխան մարմինների կողմից, եթե մենք ունենանք համապատասխան արձանագրումներ, որոնք կլինեն նաև սոցիալական պաշտպանության տեսանկյունից իրականացվող քաղաքականության ներքո ներկայացվելիք առաջարկություններ, ապա դրանք կներկայացվեն»,- ասաց նա: