27-01-2018
Սոցիալական լրահոս

ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց հիվանդանոցային հաճախելիության ցուցանիշը 20 տոկոս է. Սմբատ Սաիյան



Սոցիալական պաշտպանության ոլորտում ձեռքբերումները կարող են ոչ էական թվալ, սակայն առկա են: Հունվարի 27-ին Երևանում «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում. ձեռքբերումներ և խնդիրներ» խորագրով գիտաժողովի ժամանակ այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը:

Նա կարևորեց այն, որ քննարկում են ոչ թե այս համակարգի անհրաժեշտությունը, այլ դրա կայացման խնդիրները:

«Մենք ունենք հստակ տեսլական, դրան հետևելով գնում ենք առաջ: Սա մի հարթակ է, որտեղ հանդիպում են գիտական կամ տեսական միտքը և գործնական կիրառությունը, ինչը հատկապես կարևորվում է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի տեսանկյունից»,- ասաց նա: Սաիյանի գնահատմամբ՝ գիտաժողովը սոցիալական պաշտպանության տարբեր բնագավառներում տեղի ունեցող գործընթացների երկխոսության հարթակ է, և անգամ իրենք, լինելով ոլորտում, երբեմն առիթ չեն ունենում այս մակարդակով հաղորդակից լինել այլ բնագավառներում տեղի ունեցող գործընթացներին:

Ըստ փոխնախարարի, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը այս ոլորտի առանձին ուղղություն չէ, այլ, ըստ էության, վարվող քաղաքականության ինտեգրված սկզբունք: Նրա խոսքով՝ կան ոլորտներ, որտեղ ինտեգրված ծառայությունների անհրաժեշտությունը շատ առարկայական է, սակայն կան նաև ոլորտներ, որտեղ այդ խնդիրը չկա, օրինակ վարչական ծառայությունների շրջանակներում, ըստ էության, նման ծառայությունների անհրաժեշտություն չկա:

«Ինտեգրված սոցիալական ծառայությունների հիմքում ընկած է անհատական կարիքը, երբ խոսում ենք այդ մասին, պետք է նկատի ունենանք, որ առկա է գնահատված կարիք: Իրավիճակն այսօր հեռու է բավարար լինելուց: Սա ոչ թե իմ գնահատմամբ գույների խտացում է, այլ գոնե հաշմանդամության ոլորտում ներդրված սոցծառայության իրավիճակի սթափ գնահատական, որը զերժ է ավելորդ ձևականություններից»,- ասաց նա:

Սաիյանը նշեց՝ Հայաստանի Հանրապետություն հաշմանդամություն ունեցող անձանց հիվանդանոցային հաճախելիության ցուցանիշը կազմում է մոտ 20 տոկոս, հենց այստեղ է, որ ի հայտ են գալիս համակարգային խնդիրները:

«Մենք ունենք հանրության մի հատված, որ խնդիր ունի առողջական վիճակի պատճառով, բայց գործնական քայլեր չի անում՝ այդ վիճակը շտկելու համար, սա նշանակում է, որ խնդիր ունի այդ ծառայությունների մատչելիության առումով. կամ այդ ծառայությունը ձևական բնույթ է կրում, կամ ինչ-որ տեղ ինչ-որ բան այն չէ»,- ասաց նա:

Սաիյանի խոսքով՝ անիմաստ է խոսել այս ամենի մասին, եթե բացակայում են ենթակառուցվածքները: Նա նշեց՝ անհնար է իրականացնել խնդիր ունեցող անձի բուժում, երբ դա իրականցվում է հանրապետության մասշտաբով սոսկ մեկ հիվանդանոցում: