27-01-2018
Սոցիալական լրահոս

Քաղաքացիներն ազատվում են որոշում կայացնողի հետ շփվելուց. Արտեմ Ասատրյան



Սոցիալական պաշտպանության ոլորտում մեծ դերակատարում ունի ոչ պետական հատվածը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ մասնավորեցնելով, որ նկատի ունի ոլորտում գործող բարեգործական կազմակերպությունները:

Նախարարը տեղեկացրեց, որ ձևավորվել է սոցիալական աջակցության ցանց՝ հանրապետական մակարդակով. 40-ից ավելի կազմակերպություններ միացել են մեկ համաձայնագրի, արդյունքում 55 տարածքներում ձևավորվել են տեղական աջակցող ցանցերը, որոնք ունեն համապատասխան գործիքակազմ, իրավասություններ՝ պետական սոցաշխատողին հավասար իրականացնել գործառույթներ, այն է՝ թե ընտանիքների կարիքների հետ կապված, թե բարեկեցիկ, թե անապահով ճանաչելու հարցում բերել իրենց մասնակցությունը

«Մենք ունենք բարեգործության մասին օրենք, կա բարեգործական ծրագրերի հանձնաժողով, որտեղ եթե ծրագիրը ճանաչում են բարեգործական, ապա դրա շրջանակներում իրականացվող աշխատանքները, մատուցվող ծառայությունները ազատվում են ԱԱՀ-ից: Երբ մենք խոսում ենք տարածքային մակարդակում ինտեգրման մասին, նշեմ, որ մենք ձևավորում ենք համալիր կենտրոններ՝ մեկ տեղում տեղակայելով սոցիալական ծառայություններ մատուցող բոլոր մարմիններին»,- ասաց նա:


Ասատրյանը նշեց, որ ստեղծվում է մեկ պատուհանի համակարգը, որ քաղաքացին ընդամենը մեկ վայր այցելի, նախկինում, եթե քաղաքացին ուզում էր որևէ սոցիալական ծառայությունից օգտվել, հաճախ ստիպված էր տարբեր կետեր այցելել: Մեկ պատուհանի համակարգից հետո ստեղծվում է միասնական ընդունարան, նման կենտրոններ են ձևավորվել արդեն 22 տարածքում, առաջիկա մեկ-երկու տարիներին դրանց թիվը պետք է հասցվի 55-ի: Նախարարը վստահեցրեց՝ նոր համակարգի ներդրումից հետո որոշում կայացնողները չեն շփվելու քաղաքացիների հետ, քաղաքացին միայն ընդունարանում է սպասարկվելու, այսինքն՝ մուտք գործելով ընդունարան, ցանկացած հարցով բացառապես այնտեղ պիտի դիմում ընդունվի, և սոցիալական ծառայություն իրականացնողները իրենց աշխատանքն են իրականացնելու: Թոշակի համար դիմող, երեխայի ծննդյան դեպքում դիմումներում սոցիալական աշխատանք չկա, կա սոցիալական վարչարարություն:

«Նախորդ տարվա արդյունքները ցույց են տալիս, որ մոտ երեսուն հազար դիմում առցանց ենք ստացել, այսինքն՝ այդքան քաղաքացի կենտրոն չի այցելել, սա այն դեպքում, երբ չկա կարիքի գնահատում, կա դիմում և ընթացք»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ առաջիկա երկու տարվա ընթացքում այս ծրագիրը լիարժեքորեն կիրականացվի: Հարցին՝ քաղաքացին պիտի տեղյա՞կ լինի պետության օժանդակության այդ հնարավորությունների մասին, թե՞ սոցաշխատողները փնտրում են նրանց, Ասատրյանը պատասխանեց՝ կան քաղաքացիներ, որոնք դիմում են, այս դեպքում լինում է դրան համապատասխան ամբողջական գնահատման վրա դեպքի բացում և դեպքի վարում, սակայն կան բազմաթիվ քաղաքացիներ, ընտանիքներ, ովքեր չեն կարողանում իրացնել իրենց իրավունքը անտեղյակության պատճառով:

«Հատկապես հիմա, երբ խոշորացված համայնքներում ներդրվում է նաև համայնքային սոցիալական աշխատողի ինստիտուտը, նրանք խնդիր ունեն՝ բացահայտելու, գտնելու նման ընտանիքների, ովքեր իրենց իրավունքներին, տարրական սոցիալական ծառայություններ ստանալու այս հնարավորություններից անտեղյակ են, նրանց հաշվառել ընտանիքում և տրամադրել պետության կողմից երաշխավորված սոցիալական ծառայությունները»,- ասաց նա:

Նախարարը կարևորեց, որ ձևավորվում է պետական և ոչ պետական հատվածի միջև համագործակցության դաշտ, սոցիալական աջակցություն տրամադրող ծառայությունները համագործակցելու են՝ բացառելու համար կրկնություններն ու բացերը, քանի որ, ըստ նախարարի, երբեմն նույն ընտանիքը մի քանի ծրագրում է ներառվում, իսկ շատ ընտանիքներ դուրս են մնում ծրագրերից: