27-01-2018
Սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմամբ մեծանում է պետության պատասխանատվությունը. Արա Բաբլոյան
Հայաստանում իրականացվող բարեփոխումների շարքում սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումները ևս մեկ վկայություն են, որ մեր երկիրը հստակ և հաստատակամ քայլեր է իրականացնում՝ Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական պետություն կառուցելու ճանապարհին: Հունվարի 27-ին «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում. ձեռքբերումներ և խնդիրներ» խորագրով գիտաժողովի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Նրա խոսքով՝ հատկապես վերջին տարիներին Կառավարությունը ձգտում է որակապես
բարելավել բնակչությանը մատուցվող սոցիալական ծառայությունները:
«Ես կցանկանայի հատուկ նշել նախարարության ողջ կազմի և նախարարի հետևողական
մոտեցումը այս հարցի առումով: Այս համատեքստում հաստատուն տեղ ունի ինտեգրված
սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը: Դրանով էլ ավելի է մեծացնում
պետության պատասխանատվությունը քաղաքացու հանդեպ, որը շահեկան է և քաղաքացու և
պետության համար»,- ասաց նա:
Բաբլոյանի խոսքով՝ յուրաքանչյուր բարեփոխման թիրախը և հասցեատերը քաղաքացին է, սա
նշանակում է, որ կատարվող քայլերը պիտի լինեն հստակ և կշռադատված, հատկապես երբ
խոսքը չափազանց զգայուն սոցիալական ոլորտի մասին է: Նա նշեց՝ ինտեգրված սոցիալական
ծառայությունների համակարգի նպատակն է բացահայտել այն ընտանիքների խնդիրները,
ճանաչել և գնահատել կարիքները, առաջարկել այդ խնդիրների կարգավորումը՝ ներդնելով
համարժեք սոցիալական ծառայություններ, այսինքն՝ օգնել հենց այն քաղաքացուն, որն
իրականում կարիքավոր է և ծառայություններ է մատուցել՝ ըստ անձի գնահատված
կարիքների: Այստեղ, ըստ ԱԺ նախագահի, առանցքային դերում է հանդես գալիս սոցիալական
աշխատողը, որի ինստիտուտի կատարելագործումը ևս բխում է համակարգի բարեփոխումներից:
Բաբլոյանն ընդգծեց՝ աստիճանաբար մարդկանց մեջ ավելի է արմատավորվում այն
մտայնությունը, որ սոցաշխատողը մարդկանց օգնություն բաժանող չէ, նա կոչված է
համակողմանիորեն ուսումնասիրել ընտանիքի կարիքները, լսել մարդկանց և կազմակերպել
ընտանիքին դժվարին իրավիճակից դուրս բերելու գործընթացը: Սոցիալական ծառայողն, ըստ
նրա, սոսկ խորհրդատու չէ, այլ պետության հետ անմիջական կապ ունեցող, սոցիալական
արդարության շղթայի առաջին օղակներից մեկը: «Ինտեգրված սոցիալական
ծառայությունների համակարգի ներդրման վերջնական արդյունքը ևս սոցիալական
արդարությունն է: Հուսով եմ՝ այն ավելի կբարձրացնի ընդհանուր սոցիալական
պաշտպանության համակարգի արդյունավետությունը մեր երկրում»,- ասաց նա: