Կամավորության տեսլականը


Կամավորների գործունեությունն ունի բավականին լայն շրջանակ, որն ընգրկում է փոխօգնության և ինքնօգնության ավանդական ձևերը, քաղաքացիական մասկանցության զանազան այլ ձևեր, որոնք իրականացվում են ի շահ հասարակության լայն շերտերի և, իհարկե, ինքնակամ:

Բարեգործության նպատակն է՝ 
  • աջակցել այն ֆիզիկական անձանց (հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, գործազուրկներին), ինչպես նաև սակավ ապահովված ընտանիքներին, որոնք չեն կարող ինքնուրույն ապահովել իրենց նյութական և հոգևոր պահանջները,
  • աջակցել ոչ առևտրային այլ կազմակերպություններին և աջակցել առողջապահության զարգացմանը. 
  • նյութական օգնություն տրամադրել պատերազմի, տարերային աղետների, վարակիչ հիվանդությունների, համաճարակների և արտակարգ այլ իրավիճակների հետևանքով տուժած անձանց և մասնակցել դրանց հետևանքների վերացմանը,
  • աշխատատեղերի ստեղծման կամ գործազուրկների վերապատրաստման ճանապարհով աջակցել սոցիալական օգնության կարիք ունեցող գործազուրկներին՝ աշխատանքի տեղավորման հարցում. 
  • աջակցել գիտության, կրթության, արվեստի, գրականության, առողջապահության, սպորտի և ֆիզկուլտուրայի ոլորտների ծրագրերի իրականացմանը,
  • աջակցել պատմական, ճարտարապետական, մշակույթի և արվեստի հուշարձանների պահպանման և վերականգնման ծրագրերի իրականացմանը,
  • աջակցել բնության և շրջակա միջավայրի պահպանման և բարեկարգման աշխատանքների իրականացմանը,
  • աջակցել ՀՀ կառավարության հավանությանն արժանացած սոցիալական ծրագրերի իրականացմանը: 
Կամավորներն այն ֆիզիկական անձինք են, ովքեր վերոհիշյալ նպատակներից ելնելով՝ կատարում են անհատույց աշխատանքներ ի նպաստ բարեգործություն ստացողների: Նրանք կարող են գործել ոչ ֆորմալ կամ ֆորմալ հիմունքներով, անվճար աշխատել բժշկական, կրթական ոլորտի կամ սոցիալական ապահովության ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կազմակերպություններում կամ լինել կամավորական կազմակերպությունների անդամ: 
Կամավորական կազմակերպությունները մարդկանց ազատ միություններ են, որոնք միավորվել են կազմակերպության ծրագրում արտացոլված որևէ սոցիալական նպատակով: Հիմնականում այդօրինակ ծրագրերը նպատակ ունեն հատուկ օգնություն և ծառայություն տրամադրել և հիմնված են երեք կարևոր սկզբունքների վրա՝ իրենց անդամների ընդհանուր շահերի պաշտպանություն, կազմակերպության անդամակցում միայն յուրաքանչյուրի անձնական ցանկությամբ, կազմակերպության ոչ պետական և ոչ կառավարական էությունը, թեև հնարավոր է պետության ուշադրության բևեռում իրենց այցելուների կարիքների և առանձնահատկությունների վրա:Կամավորական միավորումները (միությունները) տարածված են ամբողջ աշխարհում, իսկ վերջին տասնամյակում՝ նաև Հայաստանում: Քանի որ այդպիսի միություններին անդամակցելը կամավոր է, ապա դրանց ղեկավարները միավորման անդամների վրա ունեն համեմատաբար ոչ մեծ ազդեցություն, քանզի վերջիններս հնարավորություն ունեն դուրս գալ կազմակերպությունից, եթե նրանց չի բավարարում ղեկավարության գործունեությունը: 
Այնուամենայնիվ, կամավորական կազմակերպությունների երկարատև գոյությունը և արդյունավետ գործունեությունը զգալիորեն կախված են ղեկավարման որակից: 
Այսօր աշխարհում գոյություն ունեն կամավորական շատ կազմակերպություններ: Ըստ փորձագետների հաշվարկների՝ չափահաս ամերիկացիների ավելի քան 75%-ը մտնում է առնվազն մեկ կամավորական խմբի մեջ: Սովորաբար նման կազմակերպությունները չունեն կուռ կառուցվածք և պարտադրված իշխանության համակարգ: Կամավորական խոշոր կազմակերպությունները երբեմն վերածվում են շատ զարգացած բյուրոկրատիա ունեցող կազմակերպության: Որպես օրինակ կարելի է նշել Փրկության բանակը, Խաղաղության կորպուսը և Կարմիր խաչը: 
Կամավորական կազմակերպությունների գործունեությունը հաճախ կապված է բարեգործության և գթասրտության, իրենց այցելուների համար կրթական ծրագրերի հետ: Կամավորների աշխատանքը կարող է լինել երկու տեսակ՝ անմիջականորեն կատարողական և կազմակերպչական (տարբեր բարեգործական կազմակերպությունների ստեղծում և ղեկավարում): 
Կամավորական հատվածում առանձնացվում է կազմակերպության մի քանի տեսակ: Առավել տարածված ձևերն են՝ հիմնադրամ, ընկերություն կամ միություն (ՀՀ-ում չկան այդպիսի կազմակերպություններ): Առաջին տեսակը բարեգործական հիմնադրամն է: Այդ կազմակերպությունները միջոցներ են հավաքում և այնուհետև բաշխում կարիքավորներին կամ ծախսում են սոցիալական տարբեր ծրագրեր իրականացնելու համար: 90-ականների սկզբներին երևան եկան խոշոր ֆիրմաների կամ մասնավոր անձնանց ստեղծած հիմնադրամներ, որոնք հաճախ իրենց աշխատանքներում ներգրավում են կամավորներին: 
Երկրորդ տեսակը բարեգործական միությունը կամ ընկերությունն է: Այն կարող է ունենալ անդամության կառուցվածք, ոչ մեծ աշխատակազմ՝ նախագահի գլխավորությամբ: 
Ինքնօգնության խմբերի աշխատանքը ներառում է միմյանց օգնելու փորձը՝ լուծել առողջության, ալկոհոլից կախվածության կամ հոգեկան առողջության խնդիրները, ինչպես նաև անձնական և սոցիալական այնպիսի սուր խնդիր, ինչպիսին միայնակությունն է: Առավել հայտնի են անանուն հարբեցողների խմբերը: Կան նաև ուռուցքաբանական և նյարդաբանական հիվանդություններով տառապողների խմբեր, թմրամոլ մայրերի, նախկին դատապարտյալների խմբեր, ինչպես նաև սեռական բռնության ենթարկված երեխաների խմբեր և այլն: Այդ բոլոր, իրենց շահագրգռություններով տարբեր խմբերն ունեն հետևյալ ընդհանուր բնութագիրը՝ խմբում բոլոր անդամները կարգավիճակով հավասար են, ամեն ոք խմբի մեջ մտնում է իր սեփական խնդիրների համար, խմբում տեղի ունեցող ամեն ինչ գաղտնի է, անդամակցությունը՝ ազատ: 
Այդ խմբերի գործունեությունը կարող է ունենալ բուժական, սոցիալական, կրթական կամ հետազոտական ուղղվածություն: Ինքնօգնությունը այլընտրական է կամ սոցիալական ոլորտի և առողջապահության գոյություն ունեցող ծառայությունների լրացում: Այսպես, հաշմանդամ երեխաների ծնողների միությունը էականորեն լրացնում է սահմանափակ հնարավորություններով երեխաներին օգնող պետական կազմակերպությունների աշխատանքը: 
Կամավոր օգնականները կարող են զբաղվել այնպիսի խնդրով, որով կազմակերպությունը զբաղվում է անուղղակիորեն: Կամավորների առկայությունը բարեգործական կազմակերպության կենսունակության, նրա ծրագրերի գրավչության արգասիքն է: 
Կամավորների շարքերը մտնելու շարժառիթները կարող են տարբեր լինել. բարոյական կամ կրոնական բնույթի համոզմունքներ, հաղորդակցման, ակտիվության, սեփական ընդունակություններն իրացնելու, հանրորեն կամ պետության կողմից ճանաչվելու պահանջմունք, նոր մասնագիտություն կամ աշխատանք ձեռք բերելու ցանկություն, սոցիալական կազմակերպության գործունեության բարելավում: 
Կամավոր կարող են լինել պրակտիկա անցնող ուսանողները, որոնց շարժառիթներն են՝ ինքնաիրացում, մասնագիտական ունակություն, դիպլոմային կամ գիտական աշխատանքի պատրաստում: Հաճախ կամավոր օգնականներ են դառնում նրանք, ովքեր կազմակերպությունից արդեն աջակցություն և օգնություն են ստացել և հիմա կցանկանային ճգնաժամային իրավիճակներ հաղթահարելու սեփական փորձը փոխանցել այլոց: Օրինակ կարող են լինել քրոնիկական հիվանդություններով տառապող երեխաների ծնողների միությունները: 
Արդի փուլում սոցիալական աշխատանքի հաջողությունը կախված է նաև սոցիալական իրավիճակի փոփոխության գործընթացին շատ մարդկանց կամավոր մասնակցությունից: Որոշ խնդիրներ լուծելու համար սոցիալական աշխատողը պարզապես պետք է ներգրավի կամավորներին՝ ինքնօգնության խմբեր կազմակերպելիս, հանրության, տեղական ինքնակառավարման մարմինների հետ տարվող աշխատանքներին: 
Կամավորական գործունեությունը, որպես գթասրտության և մարդասիրության դրսևորում, գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն կունենա մարդկանց այս կամ այն օգնության պահանջմունքը և իր քաղաքացիների սոցիալական աջակցության պահանջմունքը բավարարելու՝ պետության սահմանափակ հնարավորությունը: Ուստի կամավորական գործունեության հիմունքները և կամավորների աշխատանքը օգտագործել կարողանալու հմտությունները պետք է լինեն սոցիալական աշխատողին որպես մասնագետ պատրաստելու ծրագրերի անբաժանելի մասը: 

Հայաստանի Հանրապետությունում բարեգործի և կամավորի գործունեությունը խրախուսելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախագահը շնորհում է հետևյալ կոչումները՝
  1. Հայաստանի Հանրապետության պատվավոր բարեգործ, 
  2. Հայաստանի Հանրապետության պատվավոր կամավոր, 
  3. Հայաստանի Հանրապետության տարվա բարեգործ, 
  4. Հայաստանի Հանրապետության տարվա կամավոր: