Աշխատանք փնտրող անձ

Հարգելի՛ այցելու, այս բաժնում Ձեզ ենք ներկայացնում Զբաղվածության պետական գործակալության գործունեության մասին ամփոփ տեղեկատվություն՝ Ձեզ ուղղորդելու նպատակով: Եթե Դուք հանդիսանում եք աշխատանք փնտրող անձ, ապա կարող եք տեղեկանալ Ձեր իրավունքներին, պարզել՝ ում դիմել աշխատանք գտնելու համար, ծանոթանալ զբաղվածության պետական քաղաքականություն իրականացնող մարմինների առաջարկած ծառայություններին, ինչպես նաև ծանոթանալ զբաղվածության պետական ծրագրերին:
Աշխատանք փնտրող անձ է համարվում 16 տարին լրացած անձ, որն, անկախ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված գործունեության հետևյալ տեսակներից որևէ մեկով զբաղված լինելու հանգամանքի, սահմանված իրավունքներն իրացնելու նպատակով դիմել է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:  
«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված գործունեության տեսակներն են.
  1. գործատուների մոտ վարձու աշխատանքային գործունեությունը (այդ թվում` ՀՀ օրենքներով նախատեսված ծառայությունների կադրերի ռեզերվում գտնվելը, բացառությամբ վարձատրություն չնախատեսող դեպքերի), 
  2. քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայությունների մատուցում կամ աշխատանքների կատարում,
  3. անհատ ձեռնարկատիրական և նոտարի գործունեություն,
  4. արտոնագրային վճար վճարողի գործունեություն, 
  5. ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն,
  6. ուսումնական հաստատություններում, մասնագիտական ուսուցման դասընթացներում և ուսուցման այլ ձևերում առկա ուսուցում:
Աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամ անձինք իրավունք ունեն նաև անվճար մասնագիտական ուսուցման, աշխատանքային ունակությունների վերականգնման և աշխատանքի տեղավորման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով ֆինանսական աջակցության:
Դիմելով զբաղվածության պետական գործակալություն՝ Դուք կծանոթանաք այնտեղ գրանցված թափուր աշխատատեղերին, կստանաք խորհրդատվություն մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության պետական ծրագրերի, Ձեզ համար սահմանված սոցիալական և իրավական այլ երաշխիքների վերաբերյալ: Զբաղվածության պետական ծառայության  կողմից մատուցվող բոլոր ծառայությունները տրամադրվում են անվճար: Զբաղվածության պետական ծառայություն կարող է դիմել յուրաքանչյուր աշխատանք փնտրող անձ՝ անկախ զբաղված լինելու հանգամանքից (նաև` բնակության վայրի մշտական կամ ժամանակավոր հաշվառում չունեցող):
Յուրաքանչյուր աշխատանք փնտրող անձ կարող է դիմել իր բնակության վայրն սպասարկող զբաղվածության պետական ծառայության մարզային կամ տարածքային կենտրոն` խորհրդատվություն ստանալու, հաշվառվելու և պետության կողմից սահմանված երաշխիքներից օգտվելու նպատակով: Կենտրոնում հաշվառվելու համար անձը պարտավոր է ներկայացնել օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր:
Զբաղվածության պետական ծառայության տարածքային կենտրոնում կարող եք հաշվառվել՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝
  • անձնագիր կամ անձը հաuտատող այլ փաuտաթուղթ, 
  • uոցիալական քարտ կամ uոցիալական քարտ չունենալու մաuին տեղեկանք,
  • կրթություն ունեցողները` կրթության մասին փաստաթուղթ: 
Աշխատանքի տեղավորման հարցով տարածքային կենտրոն դիմող հաշմանդամ անձը, վերը նշված փաuտաթղթերից բացի, ներկայացնում է նաև հաշմանդամության փաuտը հավաuտող տեղեկանք և վերականգողական անհատական ծրագիր:  



Աշխատանք փնտրող զբաղված անձն իրավունք ունի` 

  1. հաշվառվելու նպատակով դիմելու լիազորված մարմին, 
  2. լիազորված մարմնից ստանալու զբաղվածության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության և զբաղվածության պետական ծրագրերի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն, 
  3. ստանալու տեղեկություններ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվական շտեմարանում գրանցված թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի վերաբերյալ, 
  4. հարմար աշխատանքի ընտրության և տեղավորման միջնորդության, 
  5. մասնագիտական կողմնորոշման, 
  6. լիազորված մարմնի պաշտոնատար անձանց գործողությունների և անգործության` վերադասության կամ դատական կարգով բողոքարկման: 
Զբաղվածության պետական քաղաքականությունը մշակվում և իրականացնում է ամենամյա ծրագրի միջոցով` համագործակցելով պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, գործատուների, ոչ պետական կազմակերպությունների, շահագրգիռ այլ կազմակերպությունների և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց հետ: 

Ամենամյա ծրագրի նպատակն է` 

  1. բնակչության կայուն զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծմանն ուղղված միջոցառումների իրականացումը, 
  2. աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նոր աշխատատեղերի ստեղծմանն ու համալրմանն ուղղված միջոցառումների իրականացումը, աշխատաշուկայի կարիքներին արագ արձագանքումը, 
  3. ըստ նախապես սահմանված առաջնահերթությունների` աշխատաշուկայում անմրցունակ խմբերի կայուն զբաղվածության ապահովումը: 

Զբաղվածության պետական ծրագրեր 

  1. Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող` աշխատանք փնտրող անձանց մաuնագիտական ուuուցման ծրագիր 
  2. Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում 
  3. Գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրում 
  4. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար աշխատավարձի փոխհաըուցման տրամադրում 
  5. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում 
  6. Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար աջակցության տրամադրում 
  7. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց հարմար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցում 
  8. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում 
  9. Աշխատանքի տոնավաճառի կազմակերպում 
  10. Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում 
Որպես գործազուրկ հաշվառվելում և զբաղվածության ծրագրերում ընդգրկվելու համար անձը պետք է դիմի իր բնակության վայրի զբաղվածության տարածքային կենտրոն (իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի առկայության դեպքում՝ միասնական ընդունարան):
Ինտեգրված սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները ներկայացված են քարտեզի վրա: