01-02-2017
home_slider

Կենսաթոշակային տեղեկանքները քաղաքացիներին կտրամադրվեն 15 րոպեում

Կենսաթոշակառու կամ նպաստառու լինելու մասին /ծերության նպաստ/, ինչպես նաև կենսաթոշակի կամ ծերության նպաստի չափի մասին տեղեկանքների համար քաղաքացիները այսուհետ (ՀՀ քաղաքացիները, ՀՀ երկքաղաքացիները և օտարերկրյա քաղաքացիները) կարող են դիմել ցանկացած տարածքային բաժին և կենտրոնական գրասենյակ՝ անկախ հաշվառման վայրից: 
Եթե նախկինում նշված տիպի տեղեկանքների տրամադրումը տեղի էր ունենում 5-7 աշխատանքային օրերի ընթացքում՝ երբեմն առաջացնելով անհարկի քաշքշուկ, ապա ներկայումս դրանք տրամադրվելու են 15 րոպեների ընթացքում և կենտրոնական գրասենյակի, և տարածքային բաժնի կողմից (2016թ. նման տեղեկանքների համար դիմել են մոտ 60 000 քաղաքացի): 
Աշխատանքներ են ընթանում ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ նման ընթացակարգ սահմանելու նաև արտերկրում բնակվող մեր քաղաքացիներին նույն ծառայությունը մատուցելու համար: 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կարևորելով սոցիալական ապահովություն ոլորտում ընթացող փոփոխությունները` նշել է, որ իրականացվող աշխատանքները էապես բարելավելու են մեր քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը և կրելու են հակակոռուպցիոն ուղղվածություն: 
«Երբ քաղաքացիները որևէ տեղեկատվության կարիք ունեն և որի տրամադրումը ժամանակատար է, նրանք փնտրում են այլ ելքեր և ձևաչափեր տեղեկատվությունը արագ ստանալու նպատակով: Այս դեպքում ընդամենը 15 րոպեի ընթացքում ծառայություն ստացած քաղաքացին այլևս բավարարված կլինի և այլ ելքեր չի փնտրի տեղեկատվությունն արագ ձեռք բերելու համար: Վստահ եմ, որ բարելավված այս ծառայությունը մեր քաղաքացիների կյանքը թեթևացնելու հերթական քայլն է, բայց ոչ՝ վերջինը: Վստահ եմ նաև, որ առաջիկայում էլեկտրոնային նոր համակարգեր կներդրվեն նաև մնացած ոլորտներում ևս»,-ընդգծել է նախարարը: 
Այնուհետև դիմելով լրագրողներին՝ Արտեմ Ասատրյանն ասել է. «Դուք ձեր աշխատանքով, հանրությանը իրազեկելու միջոցով կնպաստեք, որպեսզի այս համակարգը լիարժեք և ամբողջությամբ ծառայի իր նպատակին»: 
Նշենք, որ սոցիալական ապահովության պետական ծառայությունը մշակել և ներդրել է նաև Հայաստանի Ազգային արխիվի հետ տեղեկատվության փոխանակման համակարգ, որի արդյունքում քաղաքացին ստիպված չի լինի գրավոր դիմել ազգային արխիվ, գումար վճարել և ստացված տեղեկատվությունը տեղեկանքի տեսքով տրամադրել սոցիալական ապահովության պետական ծառայությանը: Այդ գործընթացը կկատարվի ծառայության և արխիվի աշխատակիցների կողմից: Արդյունքում խնայվելու են և ժամանակ, և քաղաքացիների ֆինանսական միջոցներ: Բացի այդ, էապես նվազեցվելու են կոռուպցիոն ռիսկերը, և բարձրանալու է ծառայության որակը: 
Մշակված համակարգը հնարավորություն է տալիս Հայաստանի ազգային արխիվին դիմելը և տեղեկատվությունը ստանալը կազմակերպել մեկ օրում: Արխիվային տեղեկանքի տրամադրման փաստացի ժամկետը կախված կլինի ազգային արխիվի կողմից տեղեկատվության տրամադրման ժամկետից: 

Համակարգը մշակվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՄՆ ՄԶԳ համագործակցության շրջանակներում: