07-06-2017
home_slider

Հաշմանդամին պետք է տալ այն աջակցությունը, որի կարիքը նա ունի. հաշմանդամների հիմնահարցերով մասնագետ

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների հիմնահարցերով բաժնի պետ Աննա Հակոբյանը Հայաստանի հանրային ռադիոյի «Ձեր փաստաբանը» ծրագրի շրջանակներում խոսել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավական կարգավիճակի և ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին:
Ըստ տիկին Հակոբյանի՝ Հայաստանում հաշվառված է 205166 հաշմանդամություն ունեցող անձ, և 2012թ-ից շրջանառության մեջ է գտնվող ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին օրենքի նախագիծը նախատեսում է ոլորտում իրակնացնել բավականին լայն բարեփոխումներ:
«Օրենքի մշակումը բավականին երկար ժամանակ է, ինչ ընթանում է: Դա ունի իր օբյեկտիվ պատճառը: 2010 թ.-ին հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի վավերացումից հետո այս նախագծի մշակումը ստանձնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ որպես հաշմանդամության ոլորտում իրավազոր մարմին: Մինչ այդ քաղաքականությունը հիմնականում ուղղված էր հաշմանդամների սոցիալական պաշտպանությանը, այսինքն՝ իրավական ակտերում որոշակի դրույթներ էին սահմանվում, որոնք ինչ-որ իրավունքներ կամ արտոնություններ էին տալիս հաշմանդամություն ունեցող անձանց: Այս նախագիծը սկզբունքորեն տարբերվում է, որովհետև այստեղ սոցիալական ներառման մեխանիզմներ են ներառված: Նախարարության համար սա բավականին բարդ գործընթաց էր, որովհետև երբ կոնվենցիայի պահանջները հաշվի ենք առնում, ապա հաշմանդամության խնդիրները չեն առնչվում միայն մեկ ոլորտի հետ: Ուստի նախագծի մշակման գործին մենք ներառեցինք գրեթե բոլոր պետական գերատեսչություններին և հասարակական կազմակերպություններին»,-նշել է Աննա Հոկոբյանը:
Ըստ նրա՝ օրենքի նախագիծը շեշտադրում է կատարում միանգամից 2 ուղղությամբ՝ իրավական ամրագրումների առումով, և գործնական քայլերի տեսանկյունից:
«Թե՛ հաղորդակցության, թե՛ քաղաքաշինության, թե՛ կրթության և թե՛ մնացած բոլոր ոլորտներին առնչվում են օրինագծում արտահայտված դրույթները: Եթե քաղաքաշինության ոլորտի համար մասնավոր օրինակ բերեմ, ապա այս ոլորտում քաղաքականություն մշակողը պետք է սահմանի նորմատիվներ, համաձայն որոնց շինությունները պետք է կառուցվեն ունիվերսալ դիզայնի սկզբունքներով: Կառուցապատողը պարտավոր է շինարարություն իրականացնել դա հաշվի առնելով»,-մանրամասնել է տիկին Հակոբյանը՝ հավելելով, որ ողջ գործընթացը պետք է անցումային փուլերով արվի, քանի որ նախ մեծ ֆինանսական ծախսեր է պահանջում ու հետո իրատեսական չէ միանգամից ամբողջ համակարգը դարձնել սոցիալական:
«Շատ կարևոր է նաև, որ կարծրատիպերը փոխվեն և՛ որոշում կայացնողների մոտ, և՛ առհասարակ հասարակության մեջ, որովհետև ավելի շատ իրավունքը խախտվում է այնտեղ, որտեղ չկա իրազեկվածություն խնդրի վերաբերյալ, և առկա է այն կարծրատիպային մտածողությունը, թե հաշմանդամություն ունեցող անձը չի կարող աշխատել, ստեղծագործել և այլն»,-նշել է Աննա Հակոբյանը:
Օրինագիծը նախատեսում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանվածության և սոցիալական ներառման չափը ստուգելու մոնիտորինգի համակարգ: Այդ իրավասությունը վերապահվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, որն այդ գործառույթն իրականացնելու է՝ գործընթացին ներառելով ՀԿ-ների ու պետական տարբեր մարմինների:
Ըստ տիկին Հակոբյանը խոսել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-21թթ-ի համալիր ծրագրի մասին, որում հստակ նշված են առաջիկա 5 տարվա հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, որոնք պետք է իրականացվեն տարբեր ոլորտներում:
«Նշված են նաև դրանք իրականացնելուն միտված կոնկրետ միջոցառումներ, ովքեր պետք է դրանք իրականացնեն և ինչ ֆինանսական միջոցներով: Նշված են նաև թիրախային ցուցիչներ, որոնք մատնանշում են, թե այդ 5 տարում մենք ինչի ենք հասնելու՝ քանի՞ տոկոս, որտե՞ղ և ի՞նչ մատչելիություն պետք է ապահովված լինի: Համալիր ծրագիրը շատ ընդգրկուն է և կոնկրետ»,-պարզաբանել է տիկին Հակոբյանը:
Անդրադառնալով հաշմանդամության խմբերի սահմանման գործընթացին, որտեղ առկա են բազմաթիվ խնդիրներ՝ ներառյալ կոռուպցիա, տիկին Հակոբյանը նշել է, որ բժշկասոցիալական փորձաքննության համակարգում աշխատանքներն իրականացվում են երկու ուղղությամբ՝ մեկ ուղղությամբ նախատեսվում է համակարգում արմատական փոփոխություններ իրականացնել, մյուս ուղղությամբ վերանայվել են չափորոշիչները, որոնք ընդունվել են առողջապահության նախարարության հետ համատեղ քննարկման ճանապարհով:
«Այդ չափորոշիչներն արդեն բավականին օբյեկտիվ գնահատման հնարավորություն են տալիս և հնարավորություն են տալիս նաև այն սահմանագիծը դնելու, թե որն է հիվանդություն և որն է հաշմանդամություն: Օրինակ կան բազմաթիվ դեպքեր, երբ մարդն ունի շաքարային դիաբետ և բողոքում է, որ իրեն հաշմանդամության կարգ չեն տալիս, մինչդեռ շաքարային դիաբետը հիվանդություն է, այլ ոչ թե հաշմանդամություն: Ուղղակի տարիներ շարունակ մեր չափորոշիչները թույլ են տվել նաև հիվանդություն ունեցողներին ճանաչել որպես հաշմանդամ և հիմա, երբ սահմանագիծ ենք դնում, դա խնդիր է առաջացնում»:
Հաշմանդամությունը սահմանելիս պետք է հաշվի առնել և՛ առողջական խնդիրը, և՛ միջավայրային գործոնները, և՛ այս երկուսի համատեքստում գնահատել, թե ինչպես է մարդն իրեն դրսևորում, կարողանո՞ւմ է հաղթահարել խնդիրը կամ ոչ: Այս ամբողջ բարեփոխումների նպատակն այն է, որ հնարավոր լինի մարդուն տալ այն աջակցությունը, որի կարիքը նա ունի, և այն մոտեցումը, որ հաշմանդամությունը սահմանվում է թոշակ կամ նպաստ ստանալու համար, պետք է դուրս մղել մեր միջից: Մարդը պետք է հասկանա, որ փորձաքննության արդյունքում ինքը կստանա այն ծառայությունը, որի կարիքն ունի: