22-03-2017
home_slider

Ցանկացած ծնողը կարող է դիմել երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար

2014 թվականի հունվարի 1-ից ներդրվել է ծննդյան միանվագ նպաստի նոր համակարգ, որտեղ մի շարք փոփոխություններ են իրականացվել. «Ձեր Փաստաբանը» հաղորդման շրջանակներում ծննդյան միանվագ նպաստի տրամադրման համակարգում տեղ գտած փոփոխությունների և դրանում առկա նոր լուծումների մասին խոսել է ՀՀ ԱՍՀՆ Կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը: 
«Կենսաթոշակային ապահովության վարչության գործառույթները բավականին ընդգրկուն են. բացի կենսաթոշակի իրավունքի իրացումն ապահովող քաղաքականության մշակումն, ընդհանուր կիրարկումն ապահովելը, մեր վարչության իրավասությունների շրջանակում ընդգրկված են նաև երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստները: Դրանք են երեխայի ծննդյան միանվագ նպաստը, մայրության նպաստը, աշխատող մայրերին տրվող խնամքի նպաստը, ժամանակավոր անաշխատունակության նպաստները և արդեն մեծ տարիքում՝ երբ տրվում է ծերության նպաստ հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ և թաղման նպաստ: 
2014 թվականի հունվարի 1-ից, ներդրվել է ծննդյան միանվագ նպաստի նոր համակարգը, որտեղ բավական նոր լուծումներ են տրվել թե՛ նպաստի տրամադրման եղանակներին, թե՛ բովանդակային առումով՝ վերանայվեց նպաստի գաղափարախոսությունը և ներդրվեց ընտանեկան դրամագլուխ հասկացությունը»,- նշել է Անահիտ Գալստյանը: 

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը տրվում է երեխայի ծննդյան կապակցությամբ՝ անկախ այն բանից, թե երեխան ծնվել է վաղաժամ ծննդաբերությամբ, նորմալ ծննդաբերությամբ կամ մահացած: Նպաստը ստանալու իրավունք ունի ծնողը, ծնողին հավասարեցված է նաև որդեգրողը և խնամակալը: Իրավունքն իրացնելու համար ծնողը կարող է դիմել երեխայի ծննդյան օրվանից մինչև երեխայի մեկ տարին լրանալը: 
«Երեխայի ցանկացած ծնողը կարող է դիմել երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար: Այս երեք տարիների ընթացքում մենք ընթացակարգերը բավական որակական փոփոխությունների ենք ենթարկել, քանզի մինչ 2014 թվականը այդ դիմումը պետք է անպայման ներկայացներ ծնողը»,- մանրամասնել է Անահիտ Գալստյանը: 
Կատարված աշխատանքների շնորհիվ այսօր արդեն իսկ հնարավոր է երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումը ներկայացնել առցանց և ստանալ գումարը՝ փաստացի առանց տանից դուրս գալու: Ընտանիքում ծնված առաջին կամ երկրորդ երեխայի համար սահմանված չափով երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու դիմում ներկայացնելու համար դիմողը պետք է մուտք գործի www.epension.am կայքէջ, գրանցվի և համապատասխան ծրագրային գործիքի միջոցով տեղեկատվական համակարգ մուտքագրի անհրաժեշտ տեղեկատվությունը: