02-06-2017
home_slider

«Նպատակը երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումն է». Ա. Ասատրյան

Երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվում են լայնամասշտաբ բարեփոխումներ, որի հիմքում այլընտրանքային խնամքի ծառայությունների ներդրումն է, ինչը հանգեցնելու է նախկինում գործող խնամքի հաստատությունների վերակազմակերպմանը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը «Երկրի հարցը» հաղորդման շրջանակներում խոսել է երեխաների շուրջօրյա խնամքի հաստատությունների վերակազմակերպման, մանկատներում առկա խնդիրների և ոլորտում անելիքների մասին: 
Նախարարի խոսքով, առարկայական միջոցառումներ են նախատեսված, որոնք ուղղված են այլընտրանքային խնամքի ծառայությունների ներդրմանը, որի հիմնական նպատակը երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումն է: 
«Մանկատուն փակելը ոչ թե որպես ինքնանպատակ գործընթաց պիտի դիտարկենք, այլ շատ կարևոր համալիր ամբողջական ծրագրի մաս: Պետք է ունենանք հետևյալ իրավիճակը. զարգացնել այլընտրանքային խնամքի ծառայություններ՝ գնահատված կարիքներին համապատասխան, ինչն ինքնաբերաբար բերելու է նման հաստատությունների փակմանը: Այլընտրանքային ծառայությունները իրենցից ենթադրում են՝ ցերեկային կենտրոններ, որտեղ տարբեր կարիքներ կամ խնդիրներ ունեցող երեխաները կարող են ծառայություններ ստանալ, ինչպես նաև արտակենտրոնային ծառայություններ: Համակարգում ունենք չորս հատուկ և երկու ընդհանուր տիպի մանկատուն: Վերջին մեկ-երկու տարվա ընթացքում արդեն իսկ երկու գիշերօթիկ խնամքի հաստատություններ վերակազմակերպվել են երեխայի և ընտանիքի աջակցման կենտրոնի»,- մանրամասնել է նախարարը: 
Անդրադառնալով երեխաների՝ մանկատներում հայտնվելու պատճառներին, նախարարը նշեց, որ դրանք կարող են բազմաթիվ լինել, այդ թվում առանձնացնելով այն, որ ծնողները որևէ ձևաչափով հնարավորություն չեն տեսնում իրենց երեխաների խնամքը ընտանիքում կազմակերպելու, ինչը մեծապես պայմանավորված է սոցիալ-վերականգնողական ծառայությունների պակասով, դրանց ոչ հասանելի կամ ոչ մատչելի լինելով: 
«Մեր հասարակությունում խնդիրներ ունեցող անձանց առանց խղճահարության վերաբերվելը դեռևս ցանկալի մակարդակի չի հասել: Շատ դեպքերում մենք հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում երեխաներին, դիտարկում ենք որպես որոշակի խնդիրներ ունեցող անձանց, որոնց պետք է խղճալ կամ ունենալ որոշակի մոտեցում, ինչն անընդունելի է: Նրանք ևս անձինք են, ովքեր ունեն կենսագործունեություն իրականացնելու որոշակի հնարավորություններ, անհրաժեշտ նախադրյալներ, բայց նրանց համար անհրաժեշտ պայմանները մենք պետք է ապահովենք»,-նշել է նախարարը: 
Խոսելով հաշմանդամություն ունեցող անձանց համար համապատասխան պայմանների ապահովման մասին` Արտեմ Ասատրյանը նշեց, որ դեռևս խորհրդային միության օրոք իրականացվել է կոնսերվացման քաղաքականություն, նրանք ներփակված են եղել կամ հաստատություններում կամ տներում և որևէ շենք կամ շինություն հարմարեցված չի եղել նրանց կարիքներին, իսկ այսօր բոլոր անհրաժեշտ նորմատիվները ներդրվում են: 
«Մեկ օրում, սակայն, արդյունք ապահովել հնարավոր չէ, անհրաժեշտ է քայլ առ քայլ առաջ շարժվել»,-ամփոփելով՝ նշել է նախարարը: