23-11-2017
Սոցիալական լրահոս,home_slider

Օրենքի փոփոխությունը մայրերին թույլ կտա ապահովել սեփական բարեկեցությունը. Ժորա Սարգսյան


«Զբաղվածության մասին»  ՀՀ օրենքի փոփոխությամբ երեխայի խնամքում գտնվող մայրերն աշխատելու հնարավորություն կստանան, իսկ դայակի ծառայության դիմաց վարձատրության կեսը կվճարի պետությունը: Այս մասին Հանրային ռադիոյի «Կենսաձև» հաղորդման շրջանակներում խոսել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:

 Վերջինս նշել է, որ «Զբաղվածության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու» օրենքի նախագիծը քննարկման է դրված Ազգային ժողովում, իսկ ընդունվելու դեպքում այն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից.

 «Այս նախագծով բոլոր այն աշխատող մայրերը, ովքեր գտնվում են երեխայի խնամքի արձակուրդում և ցանկություն ունեն արձակուրդն ընդհատել և հետ վերադառնա աշխատանքի, կարող են դիմել և դառնալ ծրագրի շահառու: Ծրագրի նպատակը ժողովրդագրությունը խրախուսելն ու ծնելիության մակարդակի բարձրացմանը նպաստելն է: Երիտասարդ մայրերը կկարողանան վերադառնալ աշխատանքի, ինչը թույլ կտա ապահովել սեփական բարեկեցությունն ու ներդրում ունենալ տնտեսության մեջ»,- նշել է Ժորա Սարգսյանը:

 Ըստ նրա՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ բոլոր այն երկրներում, որտեղ հնարավորությունը մեծ է, որպեսզի աշխատող մայրերը զուգորդեն երեխայի խնամքն իրենց աշխատանքի հետ, այդտեղ ծնելիության մակարդակը համեմատաբար ավելի բարձր է: Վերջիններս հնարավորություն ունեն երեխաների խնամքը կազմակերպել թե՛ դայակի միջոցով թե՛ երեխաներին համապատասխան կենտրոններում թողնելով՝  այդ կերպ ապահովելով երեխաների խնամքը:

 Անդրադառնալով հարցին, թե արդյոք կպահպանվի երեխայի խնամքի արձակուրդում և մինչև երեխայի երկու տարին լրանալը 18 հազար դրամի չափով նպաստ ստանալու իրավունքը, եթե մայրն աշխատանքի վերադառնալու ցանկություն չունի, պաշտոնյան նշել է. «Որևէ փոփոխություն՝ կապված երեխայի խնամքի արձակուրդում և մինչև երեխայի երկու տարին լրանալը վճարվող 18 հազար դրամի ստացման ձևի հետ, այս նոր նախագծով տեղի չի ունեցել: Այն մայրերը, ովքեր կցանկանան վերադառնալ աշխատանքի, ցանկության դեպքում կարող են դառնալ այս ծրագրի շահառուն և պետությունց ստանալ երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով դայակի վարձատրության որոշակի փոխհատուցում:  Այդ փոխհատուցումը կլինի դայակի աշխատավարձի կեսը, բայց ոչ ավել քան նվազագույն ամսական աշխատավարձի մասին օրենքի առաջին հոդվածով  նախատեսված չափը, որն այժմ կազմում է 55 հազար դրամ»,- նշել է Ժորա Սարգսյանը:

 Պաշտոնյան նաև հավելեց, որ ծրագրի բյուջեն սահմանափակ է և հնարավոր է, որ լինեն ավելի շատ ցանկացողներ, քան հնարավորություն կլինի, այդ իսկ պատճառով պետք է համապատասխան որոշումներով սահմանել, թե ովքեր կկարողանան ընդգրկվել ծրագրում, ուստի օրենքի ընդունմանը կհաջորդի չափորոշիչների սահմանումը.

 «Եթե ծրագրի շահառու են դառնում այն մայրերը, ովքեր կհամապատասխանեն սահմանված չափորոշիչներին, ապա նրանք իրենց դայակի հետ պետք է կնքեն պայմանագիր, որպեսզի կարողանան օգտվել աջակցությունից: Ծրագրի դրական կողմերից մեկն էլ այն է, որ հնարավորություն է ստեղծվում դայակի համար ապահովել աշխատանքային ստաժ»,- նշել է պաշտոնյան: